Ես զզվելի բաներ եմ անում՝ շատ եմ խմում, գնում եմ ակումբներ. Տանը միայնակ-ի աստղ Մաքոլեյ Կալկինը դարձավ 39 տարեկան

Ես կարող եմ ցանկացած ռեստորան մտնել՝ առանց նախապես սեղան պատվիրելու, բայց երբ այդպես եմ անում, բոլորն ինձ վրա են ապշահար նայում

«Տանը միայնակ» ֆիլմից հայտնի դերասան Մաքոլեյ Կալկինն այսօր՝ օգոտոսի 26-ին, նշում է ծննդյան 39-ամյակը: Երեւի չկա մեկը, որը դիտած չլինի 90-ականների ամենասիրելի ամանորյա ֆիլմն այն արկածախնդիր փոքրիկ տղայի մասին, որը ծնողների անուշադրության պատճառով հսկայական առանձնատանը միայնակ է մնում՝ ստիպված լինելով պայքարել երկու գողերի դեմ: Ու երեւի չկար մեկը, որը չսիրեր փոքրիկ Քեւին ՄքՔալիսթերին՝ 10-ամյա այն հերոսին, որին մարմնավորում էր դերասանը:

Մաքոլեյը Հոլիվուդի պատմության ամենահաջողակ փոքրիկ դերասաններից է եղել: Վաղ հասակից նա նկարահանվել է մեծ հաջողություն ունեցած ֆիլմերում, ինչպիսիք են վերը նշված «Տանը միայնակ» ֆիլմերի շարքը, «Իմ դուստրը», «Լավ տղան», «Հարուստ Ռիչին» եւ այլն:

Այսօր Մաքոլեյը դերասանական կարիերայով չի զբաղվում, բայց նրա անունը հաճախ հայտնվում է մամուլում՝ կապվելով թմրանյութերի եւ սկանդալների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Կալկինի սեփական մեկնաբանությունները՝ դերասանության, կարիերան թողնելու եւ իր մասին սկանդալների շուրջ:

«Ես մտքերի ու հիշողությունների, հավանությունների ու անհամակրանքների ամբողջություն եմ: Ես այն ամենն եմ, ինչն ինձ հետ պատահել է, այն ամենի գինը, ինչը երբեւէ արել եմ: Ես այն հագուստն եմ, որը կրում եմ, այն վայրն եմ, այն մարդիկ ու առարկաները, որոնցով երբեւէ շրջապատված եմ եղել: Ես ոսկորների մի կույտ եմ, որը գտնվում է շատ մեծ մի ժայռում, որը մեկ ժամում կատարում է հազար մղոնի պտույտ»:

«Ես հասարակ կյանք եմ վարում՝ կերակրում եմ ձկներիս, շանս տանում եմ զբոսանքի, պատրաստում եմ, ժամանակ առ ժամանակ էլ հանդիպումներ եմ ունենում»:

«Ինձ դուր է գալիս իմ կյանքը: Ես բավարարված եմ իմ կարիերայի ճանապարհով, ապրելակերպով ու ամեն ինչով: Ոչինչ չէի փոխի իմ կյանքում»:

«Ես զզվելի բաներ եմ անում՝ շատ եմ խմում, գնում եմ ակումբներ: Դա ինձ չի անհանգստացնում մինչեւ այն պահը, երբ շատ ծնողներ իրենց զավակներին արգելում են ինձ հետ ժամանակ անցկացնել»:

«Ես կարող էի գնալ շատ հայտնի երեխաների ճանապարհով: Բայց ես դա չէ, որ ցանկանում էի, այպիսով՝ երբ 14 տարեկանս լրացավ, որոշեցի ավարտել կարիերաս: Երբեք էլ ցանկություն չեմ ունեցել նկարահանվելու»:

«Ես կարող եմ ցանկացած ռեստորան մտնել՝ առանց նախապես սեղան պատվիրելու, բայց երբ այդպես եմ անում, բոլորն ինձ վրա են ապշահար նայում»:

«Ես ունեի այնպիսի հայտնիություն, որի մասին շատերը երազում են, բայց որոշեցի փախչել դրանից»:

«Մարդիկ մինչեւ հիմա ինձ ճանաչում են փողոցում: Առաջին բանը, որ ասում են ինձ կանգնեցնելիս՝ «Որտե՞ղ էիր այսքան ժամանակ», իսկ հետո ավելացնում՝ «Օհ, ինչքան ես մեծացել…»»:

«Մարդիկ վատ բաներ անում են կյանքում, բայց ցանկացած բան կարելի է ներել»:

«Ես միշտ ասել եմ՝ դերասանությունն է ինձ գտել: Ես, նույնիսկ, այն չեմ փնտրել», գրում է style.news.am