Դեռ շատ վաղ է. Թրամփը հրաժարվել է G7-ի գագաթնաժողովի շրջանակում Զարիֆի հետ հանդիպումից

Նա հավելել է, որ ցանկանում է Իրանը տեսնել ուժեղ պետություն և չի ձգտում այդ երկրում իշխանափոխության

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ֆրանսիական Բիարիցում անցկացվող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում չի ցանկացել հանդիպել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Դեռ շատ վաղ է»,- մեկնաբանել է Թրամփը հնարավոր հանդիպումը: 

Նրա խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է իրեն հավանություն տալ G7-ի գագաթնաժողովին Զարիֆի այցին: 

Նա հավելել է, որ ցանկանում է Իրանը տեսնել ուժեղ պետություն և «չի ձգտում այդ երկրում իշխանափոխության»: 

Զարիֆի կիրակնօրյա այցը Ֆրանսիա անսպասելի է եղել. նա անցած ուրբաթ հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելով միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը:

Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները սրվել էին դեռևս անցած տարի, երբ ամերիկյան կողմը լքել էր Իրանի հետ միջուկային պայմանագիրը: Իրավիճակը նոր զարգացումներ էր ստացել մայիսին՝ այն բանից հետո, երբ Հորմուզի նեղուցում Սաուդյան Արաբիայի 4 նավթային լցանավեր հարձակման էին ենթարկվել: Հունիսին լցանավերի վրա հարձակումը կրկնվել էր Օմանի ծոցում: Վաշինգտոնն այս դեպքերի համար Թեհրանին է մեղադրում, որն իր հերթին հերքում է դրանք: Ավելի ուշ Իրանում ամերիկյան անօդաչու սարք էր ոչնչացվել, ինչին ի պատասպխան Թրամփը որոշել էր հարված հասցնել Իրանին, սակայն վերջին պահին մտափոխվել էր: