Շատ տարողունակ և ներքին հարց է, եկեք` չպատասխանեմ. ԵՊՀ ռեկտորի ժ/պ

Կենտրոնի աշխատակիցների շահերի պաշտպանությամբ էր հանդես եկել նաև ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը

168.am-ն արդեն իսկ մի քանի հրապարակումներով անդրադարձել է իշխանությունների կողմից Երևանի պետական համալսարանի` Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը փակելու անդիմադրելի ցանկությանը:

Տեսնելով, որ որևէ կերպ, անգամ հունիսի 28-ին՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստում,  երեք անգամ տարբեր հիմնավորումներով ու ձևակերպումներով կենտրոնը լուծարելու հարցը քվեարկության դնելուց, բայց այդպես էլ բավարար կողմ ձայներ չհավաքելուց հետո, ինչն իշխանություններին թույլ կտար ազատվել իրենց համար գլխացավանք դարձած այդ թնջուկից, կենտրոնը փակել չի հաջողվում, փորձեցին այս անգամ էլ ՀՀԿ-ական Վահագն Վարագյանի ղեկավարած կենտրոնը լուծարել օնլայն քվեարկության միջոցով:

«Համալսարանի կանոնադրությունը ոտնահարելով, համալսարանի պատմության մեջ առաջին անգամ գիտխորհրդի կարծիքը չհարցնելով՝ փորձում են կառուցվածքային ստորաբաժանում լուծարել… հիմա նախորդ դարի 30-ականների «տրոյկայի» ոճով, նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, գիշերային որոշում են կայացնում ու հարցում են ուղարկում, որպեսզի հոգաբարձուների խորհուրդը քվեարկի։ Ըստ էության հոգաբարձուների խորհրդին այս կերպ ներքաշում են կեղծիքի մեջ»,- մեզ հետ զրույցում ասելէր կենտրոնի ղեկավարը:

Հետագայում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Վաղարշյանը, ով, ի դեպ, դեմ էր քվեարկել կենտրոնն օրենքի խախտմամբ լուծարելուն, ծավալուն մեկնաբանությամբ հիմնավորեց իր դիրքորոշումը:

Այնուամենայնիվ, ս/թ հուլիսի 20-ին` քվեարկության արդյունքներն ամփոփելուց հետո, պարզ դարձավ, որ հարցմանը Խորհրդի 32 անդամներից նիստին ընդամենը մասնակցած 20-ից 19-ը, որոնց մեծամասնությունը կառավարության և լիազոր մարմնի կողմից առաջադրված անձինք էին, կողմ են քվեարկել Կենտրոնը լուծարելու հարցմանը, իսկ համալսարանական ներկայացուցիչների հիմնական մասը նիստը համարել էր հակաօրինական և չէր մասնակցել քվեարկությանը։

Կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը, ով իշխանությունների` կենտրոնն ամեն կերպ փակելու ձգտումը պայմանավորել էր իր քաղաքական հայացքներով, դիրքորոշմամբ, իշխանությունների վարած քաղաքականությունը քննադատելով ու իր կուսակցական պատկանելությամբ, նշել էր, որ վիճարկելու է այդ ապօրինի որոշումը դատարանում:

Կենտրոնի աշխատակիցների շահերի պաշտպանությամբ էր հանդես եկել նաև ԵՊՀ արհեստակցական կազմակերպությունը:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Ա. Ավետիսյանն ասել էր, որ ԵՊՀ կոլեկտիվ պայմանագրի 2.5 կետը սահմանում է, որ գործատուի նախաձեռնությամբ աշխատողների որոշակի կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի լուծումն իրականացվում է Արհմիության նախնական գրավոր համաձայնությամբ։

Ա. Ավետիսյանը նշել էր նաև, որ ողջունելի է, որ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, հանդես բերելով սոցիալական գործընկերության բարձր մակարդակ, դիմել է արհմիությանը: Կազմակերպությունն էլ, որին առաջին հերթին՝ հետաքրքրում են ԵՊՀ աշխատակիցների շահերը, ուսումնասիրելով Կենտրոնը լուծարելու որոշումը, գտել է, որ այնտեղ տեղ են գտել ընթացակարգային խախտումներ, ու իր անհամաձայնությունն է հայտնել այդ կապակցությամբ։

Մեր այն հարցին, թե արդյո՞ք իրենց անհամաձայնությունն իմպերատիվ ուժ ունի, Ա. Ավետիսյանը պատասխանեց.

«Համաձայն Աշխատանքային օրենսգրքի՝ գործատուն եթե համաձայն չէ մեզ հետ, կարող է անհամաձայնությունը վիճարկել դատարանում»։

Եվ ահա երեկ պարզ դարձավ, որ դատարանը ԵՊՀ ղեկավարությանը պարտավորեցրել է Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներին չազատել աշխատանքից:

Այդ մասին տեղեկացանք կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանի ֆեյսբուքյան գրառումից:

«Հարգելի գործընկերներ, սիրելի ուսանողներ, հուլիսի 20-ի հոգաբարձուների խորհրդի` հարցման կարգով անցկացված ապօրինի նիստով ակնհայտ քաղաքական դրդապատճառներով փորձ կատարվեց լուծարել ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը, որպեսզի ինձ ազատեն աշխատանքից՝ նպատակ ունենալով համալսարանականների շրջանում սերմանել այլակարծության նկատմամբ վախ և սարսափ:

Հուլիսի 23-ին ես և ուսանողների հետ տարվող կենտրոնի աշխատակիցները ծանուցում ստացանք, որ օգոստոսի 26-ից նախատեսում են մեզ ազատել աշխատանքից: Այս ընթացքում կենտրոնի աշխատակիցների հետ դատական կարգով բողոքարկել ենք այդ ապօրինի որոշումը, իսկ այսօր տեղեկացանք, որ դատարանը պարտավորեցրել է ԵՊՀ ղեկավարությանը մեզ չազատել աշխատանքից: Պայքարը հանուն իրավունքների և արդարության շարունակվում է»,- գրել էր նա:

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հրաժարվեց մեկնաբանել դատարանի որոշումը` նշելով, որ ինքն իրավասու չէ մեկնաբանել դատարանի որոշումը:

Մեր այն հարցին, թե ըստ էության, անգամ օրենքը շրջանցելու գնով, շրջանցելով գիտխորհրդի կարծիքը, ամեն կերպ կենտրոնի լուծարմանը հասնելուց հետո իր համար սպասելի՞ էր արդյոք այս որոշումը, Գեղամ Գևորգյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ինձ համար այդ արագությունը զարմանալի է, բայց ես դադարել եմ զարմանալուց»:

«Օրինակ, իմ հայցը 5 ամիս է, դեռ ոչ մի քայլ չի արվել: Լավ, ես Ձեր հարցին արդեն պատասխանեցի»,- ասաց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը` ըստ էության հասկացնելով, որ չի ուզում ծավալվել թեմայի շուրջ:

Հարցին, թե իր համար է՞լ էր տարօրինակ, որ կենտրոնը փորձում էին այդ արագությամբ լուծարել, Գեղամ Գևորգյանն ասաց՝ ոչ, ինքը սպասում էր նման բանի:

Մեր դիտարկմանը, թե նկատի ունի խնդրի քաղաքակա՞ն ենթատեքստը, ռեկտորի ժ/պ-ն ասաց, որ այդտեղ քաղաքական ենթատեքստ չկա. անձնական շահեր են:

«Ուղղակի որոշ մարդիկ փորձում են անձնականը քաղաքականացնել»,- հավելեց նա:

Հարցին էլ, թե ինքն անձամբ ի՞նչ է կարծում, պե՞տք է կենտրոնը Համալսարանին, թե՞ ոչ, ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց` եկեք այդ հարցին չպատասխանեմ:

«Շատ տարողունակ հարց է և ներքին հարց է, եկեք` չպատասխանեմ»,- եզրափակեց Գեղամ Գևորգյանը:

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ