Գնդեվազ չեկավ. ինքը շատ ա ուզում, որ ոսկու հանքը բացվի, բայց մենք դեմ ենք

Փաշինյանն էսօր էլ խաբեց

Ամուլսարի հարակից Գնդեվազի բնակիչները հավաքվել էին համայնքի կենտրոնում և սպասում էին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջերմուկցիների հետ հանդիպումից հետո կգա և կհանդիպի իրենց: Վարչապետը, սակայն, չժամանեց Ամուլսարին ամենամոտ գտնվող համայնք:

«Ինքը հարմար չգտավ, որ այստեղ մտնի, բայց մենք կուզենայինք, որ մտներ գյուղ: Գնդեվազում ընդամենը մի 5 տոկոսն է ուզում, որ հանքը բացվի, ցիանիդի առկայությամբ ապրեն, բայց մնացած 95 տոկոսը չի ուզում, որ հանքը բացվի: Գնդեվազցիները մշտապես ապրել, արարել են արդար ձևով, զբաղվել են հողագործությամբ, անասնապահությամբ, բիզնեսով, ապրել են մարդու նման: Այսօր «Լիդիան»-ը եկավ սաղին խառնեց իրար»,- նշեց գնդեվազցիներից մեկը:

Համայնքի մեկ այլ բնակիչ հայտարարեց, որ եթե կառավարությունը մտածում է աշխատատեղեր ստեղծելու մասին, ապա պետք է ոչ թե հանքարդյունաբերությունը զարգացնի, այլ աջակցի գյուղմթերքի վերամշակման գործարաններ ստեղծելուն:

«Ընկեր Փաշինյանը որ եկավ Ջերմուկ, ինչո՞ւ չի եկել Գնդեվազ: Էսօր էլ խաբեց: Փաշինյանը շատ ա ուզում, որ ոսկու հանքը բացվի, բայց մենք դեմ ենք: Ուզում է աշխատատեղեր ստեղծի, թող ստեղ պանրի գործարան կամ այլ նմանատիպ բան բացի, ժողովուրդն էլ աշխատի: Ինչո՞ւ անպայման պետք է հանքը բացվի»,- ասաց նա: