Նիկոլը ազգի դավաճան է, Նիկոլը Սերժի շարունակությունն է. ակտիվիստ

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի

Բնապահպան Թեհմինե Ենոքյանը Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեի քննիչների դեմ: Այս մասին այսօր` օգոստոսի 19-ին, նա հայտնեց լրագրողներին, Ամուլսարի հարցով վարչապետի հետ քննարկումից հետո:

«Ամուլսարի փորձագիտական եզրակացության հարցում քննիչները ոչ կոմպետենտ են և դուրս են եկել քրեական գործի շրջանակներում իրենց լիազորություններից, շատ կոռումպացված են։ Ես իմ փաստաբան Նազելի Վարդանյանի հետ այդ հաղորդումը ներկայացնելու եմ Հատուկ քննչական ծառայություն»,- հայտարարեց Թեհմինե Ենոքյանը հանդիպումից հետո։

Ակտիվիստներից մեկն էլ ասաց, որ Ամուլսարը սար է  մնալու, հանք չի դառնալու. «Նիկոլը ազգի դավաճան է, Նիկոլը Սերժի շարունակությունն է»:

Ջերմուկ քաղաքի բնակիչներից մեկն էլ հայտարարեց, որ Ամուլսարի շահագործումը թույլատրողը թուրք է. «Ով որ պետք է էդ դաբրոն տա, ինքը թուրք է, թուրքի ծնունդ է, վիժվածք է, վսյո»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական և առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը: Միաժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման: