«Օդի փողը» հանելով՝ պետությունը եկամուտը կկորցնի, ավիատոմսերի գներն էլ չեն նվազի. վարչապետի խորհրդական. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հակոբ Ճաղարյանը նշեց՝ Հայաստանում քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացումը դադարել է դեռևս 1990-ականներին, երբ քաղավիացիայի ղեկավարի պաշտոնում սկսեցին նշանակվել անպատրաստ անձանց

«Օդի փողն» ունի իր նշանակությունը, այն պետք է ուղղված լինի ավիացիայի ոլորտի զարգացմանը և այդ տուրքը հանելով՝ պետությունը կկորցնի եկամուտը, իսկ ավիաընկերությունները այդ չափով տոմսի արժեքը չեն իջեցնի: Քննարկվում է «Բաց երկնքի քաղաքականության» փաստաթղթի մի շարք դրույթների փոփոխության հարցը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավիացիայի հարցերով խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում քաղաքացիական ավիացիայի ոլորտի զարգացումը դադարել է դեռևս 1990-ականներին, երբ քաղավիացիայի ղեկավարի պաշտոնում սկսեցին նշանակվել անպատրաստ անձանց:

«Ցանկացած ոլորտի զարգացման համար պետք է լինի հայեցակարգ, ինչը ՀՀ-ում բացակայել է նրա ձևավորման առաջին օրվանից: Այժմ պատրաստել ենք քաղավիացիայի ոլորտի զարգացման հայեցակարգ, որտեղ թիրախավորված մի քանի կետեր են՝ պետության ընդունելի քաղաքականությունը քաղավիացիայի զարգացման ոլորտում, նորմատիվ օրենսդիր դաշտի և ենթակառուցվածքների ստեղծումը, տեխնիկական կարգավորումների կատարումը, տնտեսական կարգավորումների ոլորտը, թռիչքների անվտանգությունը, սպառողի շահերի պաշտպանությունը: Այս ամենը ներկայացված է հայեցակարգում և կառավարությունն արդեն հավանություն է տվել այդ հայեցակարգին»,- նշեց Հակոբ Ճաղարյանը:

Հարցին, թե ազգային կամ պետության մասնաբաժնով ավիաընկերության ստեղծման հնարավորությունը քննարկվո՞ւմ է կառավարությունում, վարչապետի խորհրդականը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել հիմա նման հարց քննարկվում է թե ոչ, որովհետև դա իմ ոլորտից դուրս է: Մեզ պետք են տեղական ավիափոխադրողները, դա է այն խնդիրը, ինչը ես ներկայացրել եմ կառավարությանը»:

Հակոբ Ճաղարյանի կարծիքով՝ հայկական ավիացիային հասցված ամենաուժեղ հարվածը եղել է 2013 -ին, այսպես կոչված, «բաց երկնքի քաղաքականության» փաստաթղթի ստորագրումը:

«Այս փաստաթղթում ՀՀ կառավարությունը փաստորեն հրաժարվել է իր շուկան կարգավորելու իրավունքից, ավելին՝ այս փաստաթղթով ամրագրել է այդ հրաժարականը: Ներկայացրել եմ այդ փաստաթղթում ամրագրված մի շարք դրույթների փոփոխության կարևորությունը, այս հարցը քննարկման մեջ է»,- ասաց նա:

2017-ին ԱԺ-ում քաղավիացիայի ոլորտի խնդիրների քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանից շաբաթական իրականացվում է 206 չվերթ, որից 110-ը, այսինքն՝ 53 տոկոսն իրականացնում են ռուսական ավիաընկերությունները և ռուսական ուղղությամբ. «Աէրոֆլոտին և ռուսական մյուս ավիաընկերություններին դարձրել ենք ազգային ավիափոխադրող»,- ասել էր Ն. Փաշինյանը:

Վարչապետի խորհրդականի տեղեկացմամբ՝ այժմ էլ իրավիճակը նմանատիպ է: Նա տրամաբանական է համարում ռուսական ուղղությամբ չվերթների շատ լինելը:

«Ես դա համարում եմ տրամաբանական և ավանդական, բայց թե ինչու են դա անում ռուսական ավիաընկերությունները, այլ հարց է: Դա այն հարցն է, որ հայկական ավիաընկերությունները չեն կարողանում մուտք գործել ռուսական շուկա»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է «Զվարթնոց» օդանավակայանում սպասարկման բարձր գներին, Հակոբ Ճաղարյանը նշեց, որ հնարավորություն կա ծառայությունների գինը իջեցնելու:

«Արժեքները նմանատիպ օդանավի համար՝ առանց նավթի արժեքի, մոտ 1100 դոլարով ավելի է, քան Թբիլիսիի օդանավակայանում: Եթե հաշվենք 150 ուղևոր, մոտ 13-15 դոլար յուրաքանչյուր ուղևորի վրա ավելանում է: Հնարավորություն կա ծառայությունների գինը իջեցնելու: Մենք ունեցել ենք հանդիպումներ «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչների հետ: 2004 թ.-ից ունենք գործող փաստաթուղթ, ըստ որի՝ պետք է ստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով «Զվարթնոց» օդանավակայանի գործունեությունը ստուգելու համար, որը չի կատարվել այս տարիների ընթացքում: Հիմա կազմավորվում է այդ մեխանիզմը»,- տեղեկացրեց վարչապետի խորհրդականը:

Անդրադառնալով ՀՀ օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց ելքի կամ «օդի փողի» համար 10.000 դրամ պետական տուրքից ուղևորներին ազատելու հարցին, Հակոբ Ճաղարյանը պատասխանեց. «Դա իմ ոլորտից դուրս է, դա հարկերի և տուրքերի ոլորտում է գտնվում, ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին: Բայց այն ունի իր նշանակությունը, պետք է ուղղված լինի ավիացիայի ոլորտի զարգացմանը: Կարծում եմ՝ օդի փողի տուրքը հանելով պետությունը կկորցնի եկամուտի այդ մասը, իսկ ընկերություններն այդ արժեքը չեն իջեցնի: Մրցակցության պայմաններում օդի տուրքը հանելն անհամեմատ և ավելի ոչ զգայուն է պետության գրպանի համար, քան մրցակցության բացակայության պայմաններում»:

ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով «Պոբեդա» ավիաընկերության իր աղբյուրին, գրել էր, որ «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է դեպի Գյումրի իրականացվող չվերթերը։ Նշվել է, որ չվերթերի դադարեցման որոշումը կապված է Գյումրու օդանավակայանում վառելիքի սիստեմատիկ թերլցման հետ:

Վարչապետի ավիացիայի հարցերով խորհրդականը հայտնեց, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով «Պոբեդա» ընկերության վերաբերյալ ստացված տեղեկությունը ստուգելու համար:

«Իմ կարծիքով՝ տնտեսվարող սուբյեկտ «Պոբեդա» ավիաընկերությունը մեծ ցանկություն ունի մուտք գործել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան, որտեղ ակտիվորեն հրավիրվում են այլ օտարերկրյա բյուջետային ավիափոխադրողներ»,- նշեց նա: