Երևանի քաղաքապետի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են, ոչ մեկի մասով ոչինչ չունենք

Իսկ քաղաքապետարանը երկրորդ օպերատոր լինել չի կարող

 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական 7 խոստումներն այս պահի դրությամբ ձախողված են: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը:

«Այս 10 ամսվա ընթացքում չի լուծվել թե՛ աղբահանության, թե՛ տրանսպորտի հարցը, թե՛ մնացած բոլոր խնդիրների մասով խոստումները չեն արվել: Նախընտրական խոստումների 7 կետերից ոչ մեկի մասով ոչինչ չունենք»,-նկատեց նա:

Հարցին՝ 10 ամիսը բավական է խոստումներն իրականացնելու համար, Խաչատրյանը պատասխանեց՝ համենայն դեպս 10 ամիսը քիչ չէր աղբահանության հարցը լուծելու համար. «10 ամիսը բավական էր, որ տրանսպորտի հարցի լուծման վերջին փուլում լինեինք, 10 ամիսը հերիք էր, որ այն 20 վերելակները, որ ասում էին՝ պետք է փոխեն, արդեն իսկ փոխված լինեին, ու նոր 20-ը փոխվելու հերթում լինեին: 10 ամիսների ընթացքում շատ բան կարելի էր անել, իսկ այդ ամիսների ընթացքում մենք միայն մի քանի քրեական գործ ենք ուղարկել ոստիկանություն, կադրային փոփոխություն ենք արել ու այլևս ոչինչ»:

Անի Խաչատրյանը կարծում է, որ աղբահանության խնդիրը կարող է լուծվել, եթե ներգրավվի երկրորդ օպերատոր, որն այս պահին չի կարող հանդիսանալ քաղաքապետարանը.

«Երկրորդ օպերատոր է պետք ներգրավել՝ «Սանիթեք»-ի հետ պայմանագրերից մեկը լուծարելով: Այս պահի դրությամբ չկա նման բան: Վերջին նիստի ժամանակ էլ փոխքաղաքապետն ասաց, որ միգուցե չլուծարվի «Սանիթեք»-ի հետ պայմանագրերից որևէ մեկը:

Իսկ քաղաքապետարանը երկրորդ օպերատոր լինել չի կարող, մինչև «Սանիթեքի» հետ պայմանագրերից մեկը չլուծարվի: Հիմա քաղաքապետարանն ասում է՝ մենք երկրորդ օպերատորն ենք. դուք ինչպե՞ս կարող եք երկրորդ օպերատոր լինել: Ոչ, չի լուծվի այդ հարցն այսպես»,-հավելեց ավագանու անդամը:

Անի Խաչատրյանը նաև կարծիք հայտնեց, թե քաղաքապետարանը մտավախություն ունի՝ «Սանիթեքի» հետ պայմանագրերից մեկի լուծարման դեպքում ընկերությունն առհասարակ կհրաժարվի պայմանագրերից:

«Լույս» խմբակցության անդամը նշեց, որ Երևանի քաղաքապետարանի ամբողջ բյուջեն տրամադրվում է աղբահանությանը, որն այդպես էլ պատշաճ կերպով չի իրականացվում. «Այս նիստին աղբահանությանը մենք հատկացրեցինք լրացուցիչ 1,7 մլրդ դրամ գումար, դրանից առաջ կանաչապատման, մանկապարտեզների բյուջեից էինք կրճատել ու տվել աղբահանությանը, այսինքն՝ Երևանի ամբողջ բյուջեն գնում է աղբահանությանը, դրա համար էլ ոչ մի բան չի արվել: Ասում են կաթիլային ոռոգում, մի տեղ ցույց տվեք, որ կա կաթիլային ոռոգում: Չկա: Եվ ամբողջ քաղաքը հրդեհվում է: Կանաչապատման բյուջեն, երբ ասում էինք՝ չի կարելի կրճատել, հենց այս ամենի համար էինք ասում»,-շեշտեց նա:

Անդրադառնալով քաղաքապետարանի կողմից ապամոնտաժված սրճարանների հարցին՝ Անի Խաչատրյանը նշեց, որ օպերայի հարևանությամբ գտնվող երկու սրճարանը ապամոնտաժելով՝ քաղաքապետարանը չստացավ այն կանաչ գոտին, որը նշվում էր. «Այդտեղ պուրակ էր պետք սարքել. կանաչապատում, մեծ ծառեր, բայց այդտեղ ծառեր էլ չի լինի տնկել, որովհետև տակը ավտոկայանատեղի կա, մի խոսքով ևս մեկ պոպուլիստական քայլ: Նաև ասում են՝ Օղակաձև այգում ևս մեկ սրճարան է ապամոնտաժվել, սակայն այդ սրճարանը վաղուց քաղաքապետարանի ենթակայության տակ էր, այսինքն՝ մենք մեր գույքն ենք քանդել, որը կարող էինք անել, երբ ցանկանայինք»: