Այոլի թանձրուքի 3 բաղադրատոմսեր

Միջերկրածովյան ավազանի երկրներում այոլի թանձրուքը մեծ ճանաչում է վայելում

Այոլի թանձրուքը պատրաստվում է ձիթապտղի յուղից ու սխտորից` դրանց տառացիորեն 1-2 բաղադրիչ ավելացնելով: Սա հիանալի լրացում է մսային ու բանջարեղենային կերակրատեսակների համար, շատ լավ համադրվում է նաև ծովամթերքի հետ: Այոլին կարելի է քսել համբուրգերների ու բուտերբրոդների հացերին կամ դրա մեջ թաթախել չիփսերը: Միջերկրածովյան ավազանի երկրներում այոլի թանձրուքը մեծ ճանաչում է վայելում:

Դասական այոլի թանձրուք:

Ձեզ անհրաժեշտ է`

  • սխտոր – 4-5 ատամիկ
  • աղ -5 թեյի գդալ
  • կիտրոնի հյութ – 1 թեյի գդալ
  • ձիթապտղի յուղ – 120 մլ

Պատրաստման եղանակը`

  • Սխտորը հավանգի մեջ ծեծել, աղ ավելացնել ու շարունակել ծեծել մինչև շիլայանման խտություն ստանալը:
  • Լցնել կիտրոնի հյութը ու լավ խառնել:
  • Մեկ թեյի գդալ ձիթայուղը տրորել սխտորային զանգվածի հետ՝ մինչև լրիվ ներծծվի, որպեսզի զանգվածի մակերեսին յուղային թաղանթ չլինի:
  • Շարունակել մեկական թեյի գդալ ձիթայուղ ավելացնել՝ անընդհատ խառնելով: Սկզբում թանձրուքի մեջ կգոյանան ոչ մեծ գնդիկներ, բայց խառնելուն զուգընթաց` այն ձեռք կբերի միատարր, խիտ ու փայլուն տեքստուրա:

2. Այոլի թանձրուք՝ ձվի դեղնուցի և մանանեխի ավելացմամբ:

Մանանեխն ու ձվի դեղնուցը շատ լավ սոսնձող հատկություններ ունեն: Մանանեխը այոլի թանձրուքին կտա համի անսովոր երանգ, իսկ դեղնուցը` նրբություն:

Ձեզ անհրաժեշտ է`

  • սխտոր – 3 ատամիկ
  • աղ – մեկ պտղունց
  • ձվի դեղնուց -1 հատ
  • դիժոնյան մանանեխ -5 ճաշի գդալ
  • ձիթապտղի յուղ – 180 մլ
  • կիտրոնի հյութ – 2-3 թեյի գդալ

Պատրաստման եղանակը`

  • Հավանգի մեջ ծեծել աղն ու սխտորը մինչև մածուկանման զանգված դառնալը:
  • Ավելացնել մանանեխն ու ձվի դեղնուցը, մանրամասն տրորել:
  • Փոքր չափաբաժիններով ավելացնել ձիթայուղը` անընդհատ խառնելով զանգվածը:
  • Երբ թանձրուքը միատարր դառնա, ավելացնել կիտրոնի հյութն ու ևս մեկ անգամ խառնել մինչև միատարր դառնալը:

3. Այոլի թանձրուք՝ մեկ ամբողջական ձվով:

 

Ի տարբերություն դասական բաղադրատոմսի`այոլի թանձրուքի այս տարբերակը պատրաստելիս ժամանակ տնտեսելու նկատառումներով կարելի է օգտագործել բլենդեր:

Ձեզ անհրաժեշտ է`

  • սխտոր – 4 ատամիկ
  • աղ – մեկ պտղունց
  • ձու – 1 հատ
  • ձիթապտղի յուղ – 240 մլ
  • կիտրոնի հյութ – 2 թեյի գդալ
  • սև պղպեղ – 1 պտղունց

Պատրաստման եղանակը`

  • Բլենդերով հարել ու հասցնել մինչև միատարր զանգվածի խտության սխտորը, ձուն, կիտրոնի հյութն ու 2 ճաշի գդալ ձիթայուղը:
  • Աստիճանաբար ավելացնելով մնացած ձիթայուղը` շարունակել հարել զանգվածը` միևնույն ժամանակ թանձրուքը քերելով բլենդերի պատերից:
  • Երբ այլոլին ձեռք կբերի միատարր, քսուքանման տեքստուրա, աղ ու պղպեղ անել և հարել ևս մեկ անգամ: Թանձրուքը պատրաստ է:

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը, գրում է 168.am: