Ի՞նչ ֆիլմ դիտել ուրբաթ երեկոյան

Հիանալի մուլտֆիլմ երեխաների եւ մի փոքր հանգստանալու լավ հնարավորություն նրանց ծնողների համար

Առաջիկա կինո-ուրբաթը հանդիսատեսին երկընտրանքի առաջ կկանգնեցնի. դիտել ֆիլմեր, որոնք կստիպեն ձեզ հիմարի նման մի լավ ծիծաղել կամ ֆիլմեր, որոնք կօգնեն ձեզ ստուգել ձեր նյարդերը։ Այս ուրբաթ բոլոր կինոթատրոններում հիթ է դարձել «Մադագասկարի պինգվինները» մուտֆիլմը, որը մեծ ուրախություն է երեխաների ու նրանց ծնողների համար։ Իսկ ավելի մեծ ու հասուն տարիքի հանդիսատեսը կարող է դիտել «Անտանելի ղեկավարները-2» կատակերգությունը եւ «Ջեզաբել» սարսափ ֆիլմը։ Սակայն բոլորի մասին խոսենք հերթով։

Այսպիսով, ծնողները կարող են ուրախության եւ երջանկության ակնթարթներ պարգեւել իրենց փոքրիկներին՝ տանելով նրանց գաղտնի գործակալ-պինգվիններ  Շկիպերի, Կովալսկու, Ռիկոյի եւ Պրապորի մասին պատմող «Մադագասկարի պինգվինները» մուլտֆիլմը դիտելու։ Այս անգամ մուլտֆիլմի բարի հերոսները պայքարում են Դեյվ անունով եւ դոկտոր Օկտավիուս Սփրութ կեղծանունով չար ութոտնուկի դեմ։ Պարզվում է, որ պինգվինները մի ժամանակ ինչ-որ աններելի ցավ են պատճառել ութոտնուկին, հետեւաբար վերջինս ցանկանում է պինգվիններին սարսափելի եւ այլանդակ էակներ դարձնել։ Ընդհանուր առմամբ մուլտֆիլմը շատ ուրախ, թեթեւ, դինամիկ ու հումորային է ստացվել. որոշ հատվածներում անգամ յուրահատուկ։ Հիանալի մուլտֆիլմ երեխաների եւ մի փոքր հանգստանալու լավ հնարավորություն նրանց ծնողների համար։ 

«Անտանելի ղեկավարները-2» կատակերգությունը խորհուրդ կտամ դիտել՝ առանց երեխաների ներկայության, քանի որ ֆիլմում մի շարք անպարկեշտ կատակներ կան։ Նրանք, ովքեր դիտել են ֆիլմի առաջին մասը, մի փոքր հիասթափված դուրս կգան կինոթատրոնի դահլիճից, քանի որ երկրորդ ֆիլմն ավելի թույլ եւ ոչ այնքան ազդեցիկ ու գրավիչ է ստացվել։ Հանդիսատեսին ծանոթ հերոսներ Նիքը, Կուրտն ու Դեյլը այս անգամ որոշում են սեփական բիզնես հիմնել, սակայն իրադարձություններն այլ կերպ են զարգանում, քանի որ Բերթ Հենսոնի ղեկավարության տակ գտնվող խոշոր ընկերությունը սկսում է խառնվել նրանց ներքին գործերին եւ փոխել նախատեսված պլանները։ Հենսոնի միակ նպատակն է կործանել նորաթուխ եւ անհաջողակ ձեռներեցներին։ Հուսահատ ընկերները դիմում են հանցագործության։ Բայց այս անգամ  նրանք նախընտրում են ոչ թե սպանություն կատարել, այլ առեւանգել այդ նույն Հենսոնի որդուն։ Բայց բնականաբար, դեպքերը կրկին չնախատեսված զարգացում են ստանում...

Անկեղծ ասած՝  ֆիլմն այնքան էլ իդեալական չէ եւ դժգոհությունների տեղիք է տալիս։ Այն շատ պրիմիտիվ է եւ նախատեսված է ոչ այնքան մեծ ինտելեկտի տեր մարդկանց համար. նրանց համար, ովքեր լիաթոք ծիծաղում են՝ լսելով «հեշտոց» կամ հետույք» բառերը։ Ֆիլմի հումորի մակարդակը շատ ցածր է։ Բացի այդ, կինոնկարի սյուժետային գիծը շատ հատվածներում կրկնվում է եւ նմանվում առաջին ֆիլմի որոշ տեսարաններին։

Իսկ սարսափ ֆիլմերի սիրահարներն ադրենալինի մեծ չափաբաժին կստանան՝ դիտելով «Ջեզաբել» ֆիլմը։ Ֆիլմը նկարահանված է սարսափ ժանրին բնորոշ բոլոր ավանդույթներին համապատասխան եւ մինչեւ վերջ հանդիսատեսին գերլարված պահում է էկրանների առաջ։

Ֆիլմի հերոսուհին՝ Ջեսին, վթարի է ենթարկվում, ինչի արդյունքում կորցնում է իր երեխային եւ սիրած էակին, իսկ ինքը՝ գամվում հաշմանդամի սայլակին։ Ջեսին ստիպված վերադառնում է հայրական տուն եւ ապրում մի փոքրիկ քաղաքում։ Ի դեպ, աղջիկը վերջին անգամ հորը տեսել էր երեք տարի առաջ, իսկ մայրը մահացել էր ծննդաբերության ժամանակ։

Հերոսուհին հայտնվում է արվարձանային եւ ամայի վայրում գտնվող տանը, որտեղ մշտապես տարօրինակ ձայներ են լսվում։ Ջեսին սկսում է կասկածել, որ բացի իր հայրիկից, տանը մեկ ուրիշն էլ է ապրում։ Նրա կասկածներն ավելի են հավաստիանում, երբ նա գտնում է իր մահացած մայրիկի վիդեոուղերձը...