Հրատապ. BBC-ում Հայաստանի մասին նոր հարցազրույց է պատրաստվում

Ապա՝ BBC-ի թղթակցին կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանի և Վալերիյ Օսիպյանի ստորագրություններով ինձ մոտ եղած «հույժ գաղտնի» զեկույցը

Փաշինյանի վերջին հայտարարությունների շոկն անցնի՝ BBC-ից լրագրող եմ հրավիրելու և մի գեղեցիկ հարցազրույց եմ տալու այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը 2018 թվականի ապրիլին ինձ՝ ՀՀ շարքային քաղաքացուս, 300 հազար դրամի առրևույթ վնաս են պատճառել և մինչ օրս հրաժարվում են փոխհատուցել: Ապա՝ BBC-ի թղթակցին կտրամադրեմ Նիկոլ Փաշինյանի և Վալերիյ Օսիպյանի ստորագրություններով ինձ մոտ եղած «հույժ գաղտնի» զեկույցը, որով նրանք ՀՀ հպարտ քաղաքացիներին (անամոթաբար) խոստանում են հոգալ «թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության» օրերին վնասված նրանց անձնական օգտագործման ավտոմեքենաների վերանորոգման ծախսերը, որովհետև այդ օրերին Երևանում վխտում էին առանց պետհամարանիշի տրանսպորտային միջոցները՝ ուղեղները հանած, ծակված և ուռած վարորդներով, որոնք վթարի վայրից անմիջապես ծլկում էին՝ շչակները միացրած և «Նիկկոլ- Նիկոլի» կամ «Ոստիկանը մերն է» վանկարկումներով:

BBC-ի թղթակիցը, բնականաբար, կհետաքրքրվի՝ իսկ ձեզնից բացի ուրիշ տուժողներ կա՞ն, որոնց վնասը չի փոխհատուցվել: Ես կպատասխանեմ՝ լիքը… Մի հատ «Ֆեյսբուքով» գրեք, որ բոլոր տուժողներին հրավիրում եք կառավարության տան մոտ և կտեսնեք, թե քանի չքայլած տուժող կհավաքվի:

-Չքայլա՞ծ, ի՞նչ բան է դա:

-Ինչպե՞ս բացատրեմ, ախր… Դրանք ՀՀ այն քաղաքացիներն են, որոնք «թավշյա հեղափոխության» առաջնորդի հետ չեն քայլել, ճանապարհներին իրենց «տռուսիկով» արագաչափեր չեն փակել, իրենց ավտոմեքենաները փողոցների լայնքով չեն կանգնեցրել, երթևեկության խոչընդոտներ չեն առաջացրել, սիգնալ չեն տվել, «Նիկոլ-Նիկոլ» չեն վանկարկել… Մի խոսքով՝ միանգամայն նորմալ մարդիկ, որոնք, սակայն, այդ օրերին չէին ուզում աշխատանքի փոխարեն թատրոն գնալ:

-Թատրո՞ն, թատրոնն ի՞նչ կապ ունի:

-Վայ, բա եղա՞վ: Բրազիլական կառնավալներն ու փողոցային ներկայացումներն ի՞նչ են Հայաստանի «հեղափոխական» թատրոնի մոտ: Մի թավշյա կլոունադա էր մեր երկրում, որ էլ չասելու:

-Ասում եք՝ թավշյա, այսինքն՝ փափո՞ւկ:

-Արտաքնապես՝ այո, փափուկ, բայց էությամբ այլանդակ ու շինծու, ինչպես բոլոր տեսակի խաբեությունները:

-Հասկանալի է, չքայլածները, փաստորեն, հակահեղափոխականներն են, այն քաղաքացիները, որոնք չեն ընդունում Փաշինյանի հեղափոխությունը:

-Չէ, աղջիկ ջան (ասա էս ջահել էրեխի՞ն ինչու եք ուղարկել հարցազրույցի), դու ինձ այդպիսի բաներ մի ասա, ես շարքային չքայլած քաղաքացի եմ, իսկ որ հակահեղափոխական եմ՝ իմացել եմ թերթերից, «Ֆեյսբուքից», Նիկոլի ելույթներից ու նման բաներից:

-Ձեզ զրպարտե՞լ են:

-Էն էլ ոնց են զրպարտել, ասել են՝ «սև»:

-Բայց դա արդեն ապարտեիդ է:

-Ապարտեիդն ի՞նչ է:

-Ռասայական խտրականության քաղաքականություն, որ սկիզբ է առել Աֆրիկայից: Չե՞ք փորձել դատի տալ:

-Չէ, խելքս չի հասել, բայց մի կողմից էլ մտածում եմ՝ չքայլածների հասցեին էշ-էշ դուրս են տալիս, թող դուրս տան, ավելի վատ իրենց համար:

-Լավ, իսկ հիմա խոսենք ձեր և իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների միջև առաջացած անհամաձայնության մասին…

-Անհամաձայնությունը ո՞րն է, աղջիկ ջան, ահագին փող են պարտք՝ չեն տալիս: Քայլարածները չքայլածիս մեքենան վնասել են ու թռել: Երբ բողոքեցի, էս «հույժ գաղտնի» զեկույցը դեմ տվեցին, թե հանգստացիր, մենք կփոխհատուցենք ծախսերը, բայց մինչ օրս ոչ հռռոցն է լսվում, ոչ բռռոցը:

-Այսինքն՝ ձեր ավտոմեքենան այնպես է վնասվել, որ ոչ խռռում է, ոչ տռռո՞ւմ:
(Արա, սրանց խմբագրությունում մի հայերեն իմացող չկա՞ր, որ էս աղջկան են ուղարկել):

-Չէ, ցավդ տանեմ, ոչ թե մեքենան, այլ իրենք են, որ ոչ հռռում են, ոչ բռռում, այսինքն՝ չլսելու են տալիս բողոքներս: Իսկ մեքենան ես սեփական միջոցներով արդեն նորոգել եմ՝ 300 հազար դրամ նստեց իմ խղճուկ բյուջեի վրա:

-Դա մե՞ծ գումար է:

-600 դոլարի կարգի:

-Շատ մեծ չէ, ես այս հարցազրույցի համար 5 հազար եվրո հոնորար եմ ստանալու, գումարած գործուղման գումարները՝ ինքնաթիռի տոմս, մնալու տեղ, օրապահիկ և չնախատեսված այլ ծախսեր: Ճիշտն ասած, եթե BBC-ում իմանային, որ գումարն այդքան փոքր է, ինձ չէին գործուղի Երևան: Այնտեղ մտածում էին, որ Փաշինյանն ու Օսիպյանը ձզ միլիոններ են պարտք:

-Հինգ հազար եվրո հոնորա՞ր…

-Այո, բայց արդեն կասկածում եմ, որ 600 դոլարանոց վեճի մասին այս հարցազրույցը կտպեն: Դատի տվեք, ինչո՞ւ դատի չեք տալիս ձեր ղեկավարներին: Դա հիմա ընդունված պրակտիկա է ողջ առաջադեմ աշխարհում:

-Է՛, աղջիկ ջան, ո՞ւմ դատի տամ: Նրանք, որ մարդկային ձևով չեն տալիս, դատարանով կտա՞ն:

-Իսկ ի՞նչ է, նրանք դատարանի որոշումներին չե՞ն ենթարկվում:
(Վայ մամա ջան, էս ում են ուղարկել, արա…):

-Մեր երկրում արդեն ինչքան ժամանակ է դատավոր ու դատարան չկա, աղջիկ ջան, Նիկոլը փակել է:

-Ի՞նչ, այ դա արդեն հետաքրքիր է…

-Ոչ մի հետաքրքիր բան էլ չկա, վեթթինգ է անում դատավորներին: Մարդկանց հոգեկան խանգարման է հասցրել: Մի ջահել տղա, սրանից 20 օր առաջ, ինքն իրեն Սահմանադրական դատարանի նախագահ հռչակեց, պատկերացնո՞ւմ եք… Մինչև հիմա բժիշկները չեն կարողանում «հետ բերել» խեղճին:

-Այսինքն՝ դատի չե՞ք տալու:

-Աստված մի արասցե, աղջիկ ջան, նրանք այնքան ճարպիկ են այդ գործերում, որ կապացուցեն, թե ես եմ իրենց գումար պարտք:

-Լավ, իսկ ինձնից ի՞նչ եք ուզում, որ կանչել եք հարցազրույցի:

-Միակ ցանկությունս այն էր, աղջիկ ջան, որ իմ և մեր ղեկավարների միջև այս վեճի մասին աշխարհն իմանա: Էն էլ ասում ես՝ չի տպվի: Իսկ դու գրի, որ «հույժ գաղտնի» զեկույցից է այս ամենը հայտնի դարձել: Եթե կուզես՝ սենսացիոն գլխագիրն էլ կասեմ էլ «Երևանի աղբամանները լիքն են հույժ գաղտնի զեկույցներով»: 

-Մի անհանգստացեք, BBC-ն սենսացիայի համար ուրիշի գրպանը չի մտնում, ես գիտեմ՝ ինչ կգրեմ:

-Ո՞ւ…

-Օրինակ՝ «Ապարտեիդի դրսևորումները նոր Հայաստանում»:

-Աման, չէ…  Այ ցավդ տանեմ, դու ամբողջ Աֆրիկան կհանես մեր մի թիզ երկրի դեմ: Ուզում ես Համաշխարհային 3-րդ պատերազմն այդ 600 դոլարի պատճառո՞վ սկսվի:

-Չի սկսվի:

-Կսկսվի, դու մերոնց լավ չես ճանաչում, աշխարհի «ժմոտն» են: Տարիուկես է, ինչ եկել են իշխանության, բայց դեռ ապառնի ժամանակով են խոսում թոշակը բարձրացնելու մասին: Սրանք իսկի աղբը թափելու համար չեն ուզում փող ծախսել, ք..ել՝ նստել են մեջը, էլ ո՞ւր մնաց, որ էդ 600 դոլարի համար պատերազմ չսկսեն:

-Լավ, դուք հուշեք, ո՞րն է ելքը, ինչպե՞ս եք պատրաստվում նրանցից ստանալ այդ գումարը: Փորձե՞լ եք տեղական մամուլով բարձրացնել հարցը:

-Փորձել եմ, այն էլ մի քանի անգամ: Լավով էլ եմ ասել, կատակով էլ, լուրջ էլ, բայց տեղ չի հասնում, լռում են, ինչպես ռետինե խողովակը:

-Ոչ խռռում են, ոչ տռռո՞ւմ:

-Այո:

-Ու ի՞նչ է լինելու վերջը:

-Չգիտեմ: Արի, կլինի, դու այս հարցազրույցը BBC-ում տպել տուր, հետո կտեսնենք: Ձեր տպելուց հետո գուցե իրար գան, գործս առաջ գցեն: Այլապես ամեն ինչ թողել են մինչև 2050 թիվը, իսկ այդ ժամանակ Նիկոլն ու Օսիպյանը կլինեն, չեն լինի, հայտնի չէ… բա փողերս ո՞վ է տալու:

Էդիկ Անդրեասյան

hraparak.am