Հրդեհ՝ Գագիկ Ծառուկյանի տան հարևանությամբ

Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն անզեն աչքով երևում է, որ հրշեջները վտանգում են իրենց կյանքը, քանի որ վառվում է ոչ միայն չոր խոտը

Արդեն 1.5 ժամից ավելի է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և Աբովյանի հրշեջ-փրկարարները պայքարում են Կոտայքի մարզում բռնկված խոշոր հրդեհի տարածման դեմ։

Հրշեջները մի քանի անկյուններից են պայքարում կրակի դեմ և նրանք բաժանված են մի քանի խմբերի։ Երևանի Արաբկիրի հրշեջներն այս պահին պայքարում են Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան պարիսպների մոտ առաջացած խոշոր հրդեհի դեմ, իսկ Աբովյանի հրշեջներն էլ հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ գտնվող տարածքում են աշխատանքներ կատարում կրակի տարածման դեմ։

Քամին իր սև գործն անում է, սակայն շնորհիվ հրշեջների՝ կրակի տարածումն այլ օջախներ կանխվել է։ Հրշեջ ավտոմեքենաներն արդեն 2-3 անգամ ջրով լիցքավորվել և վերադարձել են հրդեհի վայր։

Բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն անզեն աչքով երևում է, որ հրշեջները վտանգում են իրենց կյանքը, քանի որ վառվում է ոչ միայն չոր խոտը, այլև կենցաղային աղբ, այդ թվում՝ պլաստամասե իրեր, իսկ դրանցից առաջանում են թունավոր գազեր։

Մանրամասն՝ shamshyan.com