Ճապոնիայում ակտիվացել է Ասամա հրաբուխը

Ասամա գործող հրաբուխը, որի բարձրությունը կազմում է 2568 մետր, վերջին անգամ ժայթքել է 2009-ին

Ճապոնական Հոնսյու կղզու կենտրոնական հատվածում գտնվող Ասամա հրաբուխը չորեքշաբթի սկսել է ժայթքել: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով երկրի ազգային օդերևութաբանական գործակալությանը:

Օդերևութաբանական գործակալությունը հրաբխի ժայթքումը գնահատել է վտանգավորության երրորդ աստիճանի, ինչը ենթադրում է, որ հրաբուխը կարող է ազդեցություն ունենալ մոտակայքում գտնվող բնակավայրերի վրա: Նշվում է, որ հրաբխից 4 կմ շառավղով տարածությամբ առկա է հրաբխից դուրս ժայթքող քարերի անկման վտանգ:

Հրաբխից մի քանի կիլոմետր հետավորությամբ տեղակայված ամառային ճամբարում ներկա պահին 10 մարդ է գտնվում: Տեղի իշխանությունները նրանց կոչ են արել տարհանվել:

Ճապոնիայի վարչապետի գրասենյակին կից հատուկ ճգնաժային շտաբ է ստեղծվել՝ կապված հրաբխի ակտիվացման հետ:

Ասամա գործող հրաբուխը, որի բարձրությունը կազմում է 2568 մետր, վերջին անգամ ժայթքել է 2009-ին: