2050թ. Փաշինյանին հնարավոր չի լինի հաշիվ ներկայացնել՝ ինչու նրա ասածը չիրագործվեց. «Առավոտ»

«Ինչպես եւ վերջին մեկուկես տարվա ցանկացած իրադարձություն« վարչապետի ելույթը Ստեփանակերտում առաջացրել է երկու տիպի արձագանք

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ինչպես եւ վերջին մեկուկես տարվա ցանկացած իրադարձություն« վարչապետի ելույթը Ստեփանակերտում առաջացրել է երկու տիպի արձագանք: 1/ Հիացական-հրճվալից-փառաբանական« մոտավորապես «առաջնորդի եւ ժողովրդի կատարյալ ներդաշնակության եւս մի ապացույց» կամ «եւս մի հուժկու հակահարված մութ ուժերին»: 2/ Հեգնական-չարախոսական «Նյու-Վասյուկի» «դատարկախոսություն» եւ այլն: Առաջին ուղղության ներկայացուցիչներին կցանկանայի եւս մեկ անգամ հիշեցնել « որ ժողովուրդ-իշխանություն էքստատիկ միաձուլում  գոյություն ունի միայն տոտալիտար երկրներում» եւ նույն ամբողջատիրական մտածելակերպին է հատուկ ամենուր «մութ ուժերի» փնտրտուքը: Իսկ ծաղրական ոճով քննադատողներին ասեմ, որ երկարաժամկետ,  տասնամյակների կտրվածքով պլանավորումը միանգամայն նորմալ երեւույթ է բազմաթիվ երկրների համար» դա, բացի ամեն ինչից  հայտ է, որով պետությունն ուղենշում է իր հավակնությունների մակարդակը:

Նիկոլ Փաշինյանը մինչեւ 2050 թվականը վարչապետ չի լինելու, եւ,  բնականաբար, ոչ ոք հնարավորություն չի ունենա նրան քաղաքական առումով հաշիվ ներկայացնել, թե ինչու 2019-ին նրա ասածը 31 տարի հետո իրականություն չդարձավ: Ավելին, հնարավոր է,  որ 2024 թվականի ընտրություններին նրա քաղաքական ուժը մեծամասնություն չստանա: Ինչպես անել, որ երկրի հաջորդ ղեկավարները շարունակեն գնալ այսօր նախանշած ճանապարհով: Շատ պարզ, պետք է մշակել եւ սկսել իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաջորդ իշխող քաղաքական ուժի մոտ առարկություններ չի առաջացնի: Իսկ դրա համար քիչ է ասել, որ, օրինակ, 2050-ին ուզում ենք Հայաստանում ունենալ 5 միլիոնանոց բնակչություն, պետք է մշակել ներգաղթի ծրագիր, ընդ որում, այն սկսել հաջողությամբ իրագործել, որպեսզի հաջորդ վարչապետն ասի, այո, մենք քաղաքական հակառակորդներ ենք, բայց այս ծրագիրը պետք է շարունակել, հարստացնելով այն այսինչ եւ այնինչ տարրերով: Նույնը վերաբերում է Ստեփանակերտում Փաշինյանի  բարձրաձայնած ցանկացած այլ նպատակին: Դրանցից յուրաքանչյուրի տակ պետք է լինեն ծրագրեր: 

Ի տարբերություն հոռետեսների, ես չեմ կարծում, որ այդ նպատակներն անիրագործելի են: Պարզապես դրանց իրագործման մեջ պետք է շահագրգռություն ունենա հայաստանյան ողջ հասարակությունը, մեր ողջ ազգը: Իսկ դրա համար դրանք պետք է լինեն պարզ,  հասկանալի, ընդունելի:  «Ղարաբաղը մերն է»  բոլորը համաձայն են եւ պատրաստ են դրա համար պայքարել: «Մերժենք Սերժին»  մարդիկ վստահ էին, որ դա կլուծի իրենց խնդիրները: Իսկ հիմա համեմատեք, «կառուցենք իրավական պետություն»` « Աստված գիտի»,  թե ինչ է դա նշանակում:

…Որպեսզի 2050 թվականին Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնա Եվրոպայի կամ աշխարհի առաջնության մեդալակիր, ողջ ազգը պետք է շնչի ֆուտբոլով: Հենց ֆուտբոլով, ոչ թե բուքմեյքերական գրասենյակներով»: