Դավադրություն Արցախի դեմ. ի՞նչ է ծրագրվում

Փաշինյանը վարչապետության մեկ տարվա ընթացքում ապացուցել է, որ չի հանդուրժում կամային մարդկանց եւ ամենուր պետք է լինեն իր կամակատարները

Արցախի շուրջ ամիսներ ընթացող խմորումները գնալով սրվում են: Իշխանության գալուն պես Նիկոլ Փաշինյանը թիրախում վերցրեց Արցախի իշխանություններին՝հրապարակային հայտարարություններ, ստվերային ճնշումներ, պաշտոնանկություններ, մի խոսքով՝ անթույլատրելի այնպիսի պահվածք, որպիսին, ինչպես Ռոբերտ Քոչարյանն էր նկատել իր հարցազրույցներից մեկում, չէր դրսեւորել Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով Արցախը դիտարկում է իբրեւ բեռ ու շարունակում է կենսունակ համարել թեզը, քանի կա կոնֆլիկտը. «Սերգո ջան, լավ չես ապրելու»:

Հիմա, երբ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը հետեւողականորեն անկում է ապրում , երբ տեսանելի է իր իշխանությանը սպառնացող վտանգը, ցանկանում է օր առաջ կոշտ մեթոդներով լուծել Արցախի իշխանության հարցը, այնտեղ իր իշխանությանը հնազանդ իշխանություն ձեւավորել՝ խուսափելու տհաճ իրավիճակներից: Ըստ ամենայնի, հոգեբանական ճնշումով հնարավոր չեղավ հեռացնել Արցախի իշխանությանը , «դավադիրների» փնտրտուքը արդյունք չտվեց, մնում է անցնել ճակատային լուծման:

Վերջերս տեղեկություններ տարածվեց, որ Փաշինյանը ուղիղ հայտնել է Բակո Սահակյանին իր պաշտոնավարման ոչ նպատակահարմարության եւ հեռանալու ցանկության մասին, բայց Արցախի նախագահը չի ընդունել հորդոր-պահանջը, ավելին ՝վերջին շաբաթներին կադրային ռակիրովկաները խոսում են, որ Արցախում ամրացնում է ուժային կառույցները:

Հիշեցնենք, որ Բակո Սահակյանը հայտարարել է գալիք ընտրություններին չառաջադրվելու իր որոշման մասին, կարելի է չկասկածել, որ նրա պես սկզբունքային գործիչը հավատարիմ կմնա խոստմանը, սակայն Նիկոլ Փաշինյանը բոլորին չափում է իր արշինով եւ ամեն գնով ուզում է հասնել նպատակին: Արցախի նախագահին համոզելու բանագնացներ է կարգել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, ինչպես նաեւ նախագահի հավակորդ Արայիկ Հարությունյանին, սակայն այդ բանակցություններն էլ ապարդյուն են անցել:

Ուշագրավ է՝ Վանեցյանը մի կողմից Արցախում բարձրաստիճանների հետ հանդիպմանը չի թաքցնում պետության կառավարման հարցում Փաշինյանի հետ ունեցած որոշակի անհամաձայնությունների մասին, մյուս կողմից՝ պատրաստ է անվերապահ կատարել նրա ցանկացած հրահանգը:

Ինչեւէ, Նիկոլ Փաշինյանին մնում է օգտվել երրորդ ճանապարհից՝ այն է Արցախի դեմ դավադրություններով անկել իշխանությանը:Տեւական ժամանակ է նախագահի թեկնածության հայտ ներկայացրած Սամվել Բաբայանը բացահայտ հայտարարում է փողոցային պայքարի մասին: Նիկոլ Փաշինյանի աջակցությամբ պլանավորվել է սեպտեմբերից սկսել քաղաքացիական անհնազանդություններ՝ դնելով Բակո Սահակյանի հրաժարականի հարցը: Կարելի է պատկերացնել, թե ինչ կարող է լինել նման խժդժությունների պարագայում եւ միգուցե դա Արցախի համար ճակատագրական վախճան ունենա:

Հետեւաբար կգնա՞ արդյոք Սամվել Բաբայանը այդ քայլին՝ հարվածի տակ դնելով Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, հատկապես, որ Փաշինյանի անկանխատեսելիության մասին գիտեն բոլորը ու չկա երաշխիք, որ Բաբայանի ձեռքով իր խնդիրը լուծելուց հետո նա չի ազատվի այդ «գործիքից»:

Ի վերջո, Փաշինյանը վարչապետության մեկ տարվա ընթացքում ապացուցել է, որ չի հանդուրժում կամային մարդկանց եւ ամենուր պետք է լինեն իր կամակատարները: Անի Սահակյան. hayeli.am