Պուտինի մտերիմ օլիգարխն՝ ընդդեմ Սոչիի հայերի. ի՞նչ է կատարվում

Սոչիի օդանավակայանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխ Օլեգ Դերիպասկայի «Բազել Աէրո» ընկերությանն է պատկանում

Հիրավի սկանդալային տեղեկություններ են ստացվել Սոչիից։ Պարզվում է, երկու օր առաջ Սոչիի միջազգային օդանավակայանի ազգությամբ հայ աշխատակիցները հայտարարություն են տարածել, որում ասված է, որ օդանավակայանի ղեկավարությունը հայերի նկատմամբ խտրականություն է դրսևորում և արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատանքից ազատում է ազգությամբ հայ աշխատողներին: Հայտարարությունը ստորագրել է 29 մարդ:

«Ազատություն» ռադիոկայանը հայտնում է, որ հաջողվել է զրուցել նրանցից մի քանիսի հետ: Պարզվում է հայ աշխատակիցներն ակնկալում են, որ լրագրողների միջոցով գոնե կկարողանան բարձրաձայնել խնդիրը: Օդանավակայանի՝ հայտարարությունը ստորագրած աշխատակից Սարգիս Մարգարյանը, մասնավորապես, «Ազատությանը» պատմեց՝ իրեն ներքին կարգով ասել են, թե կա հրահանգ վերևից՝ աշխատանքից ազատել բոլոր հայերին, և առաջարկել են դիմում գրել:

«Ես դիմում չեմ գրել, պատրաստվում եմ պայքարել նրանց դեմ: Որևէ կոնֆլիկտ հայերի և ղեկավարության միջև օդանավակայանում չի եղել: Չենք հասկանում, թե ինչ է սա: Դիմելու ենք նույնիսկ դատախազություն», - ասաց Մարգարյանը: «Այսինքն՝ Դուք պատրա՞ստ եք դատարանում հայտարարել, որ Ձեզ ասել են՝ «աշխատանքից ազատվելու դիմում գրիր, որովհետև հայ ես», - «Ազատության» այս հարցին Սարգիս Մարգարյանն արձագանքեց․ - «Այո, հենց այդպես էլ ասել են»:

Աշոտ Կարագեչյանը, իր հերթին, հայտարարեց․ - «Այն ամենը, ինչ նշված է հայտարարությունում, միանշանակ ճիշտ է: Ես հաստատում եմ այդ հայտարարության ամեն տողը»: Իսկ թե ինչու է նման իրավիճակ ստեղծվել օդանավակայանում, նա դժվարացավ ասել: Իսկ մեկ այլ աշխատակից՝ Ալբերտ Մինասյանը պատմեց․ - «Իմ անմիջական ղեկավարը՝ մեր ինժեները ինձ մոտեցավ և ցածրաձայն ասաց․ - «Գիտե՞ս, ինչ-որ անհեթեթություն է կատարվում, բայց վերևից հրամայել են հայերին գործից հանել»: Նա ինձ խորհուրդ տվեց դիմում գրել և թողնել աշխատանքս: Ես հո հիմար չեմ, որ գրեմ»:
Հայտնի է, որ Սոչիի օդանավակայանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ օլիգարխ Օլեգ Դերիպասկայի «Բազել Աէրո» ընկերությանն է պատկանում:

Ընկերության մամուլի ծառայության ղեկավար Աննա Շալիմովան, վկայակոչելով Սոչիի օդանավակայանի մամուլի ծառայությունը, «Ազատության» հայկական ծառայության հարցմանն ի պատասխան հերքել է հայազգի աշխատակիցների հայտարարությունում տեղ գտած մեղադրանքները, նշելով, թե օդանավակայանի անձնակազմը բազմազգ է, և կադրային քաղաքականությունը ընկերությունում համապատասխանում է Ռուսաստանի օրենսդրությանը: Բացի այդ, Սոչիի միջազգային օդանավակայանի մամուլի ծառայությունը հայտնում է․ - «Սակայն մարդկանց մի փոքրիկ խումբ, որ վերջերս են դադարել աշխատել ընկերությունում, դիտավորյալ օգտագործում են ազգային պատկանելիությունը՝ պահանջելով հատուկ պայմաններ իրենց համար: Մենք համարում ենք, որ այս խմբի գործունեությունը ոչ միայն իրավական դաշտում չէ, այլ նաև հրահրում է ազգամիջյան ատելություն, ինչն անթույլատրելի է»:

Ուշագրավն այն է, որ մարդիկ, ում հետ խոսել է «Ազատություն»-ը, նախկին աշխատակիցներ չեն, այլ մինչ օրս աշխատում են օդանավակայանում և պատմում են, որ իրենց խնդրել են աշխատանքից ազատման մասին դիմում գրել, որովհետև հայ են:
Խնդիրն ամենայն հավանականությամբ ազգամիջյան որևէ կոնֆլիկտ է, չի կարելի բացառել նաև ադրբեջանական գործոնը։ Հայաշատ քաղաքում օդանավակայանում հայ աշխատակիցների հանդեպ նման քայլերը կարող են դառնալ հարաբերությունների ճշգրտման Սոչիի իշխանությունների և հայ ազդեցիկ ուժերի հետ։

Ամեն դեպքում, խնդիրը կարող է սկանդալի վերածվել, եթե լուծում չտրվի։ hayeli.am. Թամար Բագրատունի