Չինաստանի հարավում մոլեգնում է «Վիպա» արեւադարձային փոթորիկը

Մեկ օր առաջ փոթորիկը կաթվածահարել է կյանքը Հոնկոնգում

«Վիպա» արեւադարձային փոթորիկը օգոստոսի 1-ի առավոտյան հասել է Չինաստանի հարավի Հայնան կղզի՝ իր հետ առատ տեղումներ բերելով հարեւան տարածաշրջաններ՝ Գուանդունի նահանգ եւ Գուանսի-Չժուանի ինքնավար շրջան: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխման եւ դրանց հետեւանքների վերացման համար մոբիլիզացվել են ավելի քան 16 հազար մարդ եւ 5,9 հազար միավոր հատուկ տեխնիկա։

Չինաստանի օդերեւութաբանական ծառայությունների տվյալներով՝ առանձին շրջաններում քամու արագությունը գերազանցում է վայրկյանում 23 մետրը, ինչը համարժեք ը 9 բալի ըստ Բոֆորտի սանդղակի: Առաջիկա երեք օրվա ընթացքում զգալի տարածքում կտեղան հորդառատ անձրեւներ: Մեկ օր առաջ փոթորիկը կաթվածահարել է կյանքը Հոնկոնգում, որտեղ եղանակի պատճառով ընդհատվել են սակարկությունները ֆոնդային սակարանում, փակվել են գրասենյակները, բանկերը, դադարել են աշխատել պետական հիմնարկությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: