Ամերիկացի սենատորները պահանջել են դադարեցնել զենքի վաճառքը Սաուդյան Արաբիային

Արգելքի պատճառներից է Եմենի հակամարտությունն ու լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունը
ԱՄՆ կոնգրես

ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչները ներկայացրել են օրինագիծ՝ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու պահանջով։ Այս մասին հայտարարել են օրենսդիր մարմնի արտաքին հարցերով կոմիտեում։

Որպես արգելքի պատճառներ սենատորները նշել են Եմենի հակամարտությունն ու լրագրող Ջամալ Խաշըգջիի սպանությունը։

Օրինագծով նախատեսվում է զենքի վաճառքի դադարեցում, Եմենի քաղաքացիական պատերազմին մասնակցող արաբական կոալիցիայի ինքնաթիռների լիցքավորման արգելք, ինչպես նաև պատժամիջոցներ։

Հիշեցնենք, որ Եմենի զինված հակամարտությունը սկսվել է 2014 թվականին։ Մի կողմից դրան մասնակցում են հութի ապստամբներն ու բանակի մի հատվածը, որը հավատարիմ է երկրի նախկին նախագահին, մյուս կողմից՝ կառավարական զորքերն ու աշխարհազորը, որոնց աջակցում է Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիան։