Ամերիկյան նահանգները համագործակցություն են հաստատում Հայաստանի եւ Արցախի հետ

Այցի շրջանակում պատվիրակությունն Արցախ չի մեկնի ժամանակի սղության պատճառով, բայց պատվիրակության անդամները ցանկություն են հայտնել ապագայում անպայման այցելել Լեռնային Ղարաբաղ

Կալիֆոռնիայի, Արիզոնայի եւ Կոլորադոյի նահանգների իշխանությունների ներկայացուցիչների եւ սենատորների պատվիրակությունը այցով Հայաստանում է։ Այցը կազմակերպվել է Հայ դատի նախաձեռնությամբ։

Ինչպես մամուլի ասուլիսում նշել է Կալիֆոռնիայի փոխնահանգապետ Էլենի Կունալակիսը, պատվիրակության անդամները հիացած են հայկական հյուրընկալությամբ եւ ժողովրդի էներգետիկայով։ «Մենք շատ կարեւոր հանդիպումներ ենք ունեցել։ Այցելել ենք Ծիծեռնակաբերդ, որտեղ ես ծառ եմ տնկել Կալիֆոռնիայի անունից։ Դա շատ կարեւոր է ինձ համար»,- նշել է փոխնահանգապետը։ Պատվիրակությունը եղել է Թումո կենտրոնում եւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում։ «Կալիֆոռնիան աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- նշել է Էլենի Կունալակիսը։

Կոլորադոյի ներկայացուցիչ Դանա Էսքարը նշել է, որ դա միակ նահանգն է, որտեղ պաշտոնապես խաչքար է դրվել, իսկ գլխավոր մայրուղիներից մեկը անցած տարի անվանվել է Սարդարապատ։ «Շատ եմ տպավորված հասարակական կյանքում երիտասարդության դերով»,- նշել է Էսքարը՝ ավելացնելով, որ Կոլորադոն կուսումնասիրի Հայաստանի հետ համագործակցության հնարավորությունները տնտեսության եւ գյուղատնտեսության հարցերում։

Արիզոնայից սենատոր Օթոնիել Նավարետեն նշել է հայ խորհրդարանականների հետ հանդիպումների արդյունավետության մասին։ «Ես զրուցել եմ մարդկանց հետ փողոցում, այդ թվում թավշյա հեղափոխության մասին։ Հաճելի է տեսնել էներգիան ժողովրդի մեջ»,- նշել է սենատորը եւ պատրաստակամություն հայտնել աջակցելու Արիզոնայում Հայաստանի առեւտրային ներկայացուցչություն բացելուն։

Այցի շրջանակում պատվիրակությունն Արցախ չի մեկնի ժամանակի սղության պատճառով, բայց պատվիրակության անդամները ցանկություն են հայտնել ապագայում անպայման այցելել Լեռնային Ղարաբաղ։