Աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը կթույլատրվի մեկ պայմանով

Մենք փորձեցինք ինչ-որ լուծում գտնել օրենքի սահմաններում
աջ ղեկ

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պատրաստում է կառավարության որոշման նախագիծ, ինչը հնարավորություն կտա ներկրել աջ ղեկով ավտոմեքենաները՝ դրանք մեկ տարվա ընթացքում վերասարքավորելու պայմանով:

Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողներին հայտնեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը:

«Մենք փորձեցինք ինչ-որ լուծում գտնել օրենքի սահմաններում և կառավարության որոշմամբ թույլ տալ մեքենաների մուտքը երկրի տարածք՝ այն պայմանով, որ դրանք մինչև շահագործվելը փոփոխվեն»,- ասաց նա:

Հակոբ Արշակյանի հավաստմամբ Կառավարության որոշումն արդեն պատրաստ է, այն դրված է շրջանառության մեջ և վերջնական որոշումը կլինի համապատասխան գերատեսչությունների եզրակացություններից հետո:

Հարցին, ավելի վտանգավո՞ր չէ ղեկի տեղափոխումը, քան հենց աջ ղեկով շահագործումը, Հակոբ Արշակյանը պատասխանեց. «Վարորդներն իրենք ասում են, որ այսպես, թե այնպես մենք Վրաստանում փոխում ենք այդ մեքենաները: Ասեմ, որ ղեկը փոխելու ձևեր կան: Կա, որ էժան և սխալ ձևով են փոխում և կա սերտիֆիկացված, ճիշտ ձևով փոխելու հնարավորություն: Ես առաջարկում եմ վերջին տարբերակը»,- ասաց նա: