Մերձարեւելյան ռեսպիրատոր սինդրոմի դեմ պատվաստանյութն առաջին անգամ փորձարկել են մարդկանց վրա

Հավելենք նաեւ, որ այդ սինդրոմով վարակման խոշոր դեպք է գրանցվել Հարավային Կորեայում 2015 թվականին

Ավարտվել է մերձարեւելյան ռեսպիրատոր սինդրոմի պրոֆիլակտիկայի համար նոր GLS-5300 պատվաստանյութի կլինիկական փորձարկումների առաջին փուլը: Փորձարկումների ընթացքում ստուգել են 75 առողջ կամավորի: Մասնագետներին հաջողվել է հաստատել անվտանգությունը, լավ տանելիությունն ու պատվաստանյութի իմունոգենությունը:  

GLS-5300-ը մշակվել է Inovio Pharmaceuticals եւ GeneOne Life Science ընկերությունների կողմից: Մինչ վերջերս MERS-CoV պատվաստանյութերը փորձարկել են ուղտերի վրա, քանի որ հենց դրանք են հաճախ դառնում մարդու համար վարակի աղբյուր: GLS-5300-ը մարդկանց համար մերձարեւելյան ռեսպիրատոր սինդրոմի դեմ առաջին պատվաստանյութն է:

Նշենք, որ մերձարեւելյան ռեսպիրատոր սինդրոմը վիրուսային հիվանդություն է: Առաջին անգամ այն հայտնաբերվել է Սաուդյան Արաբիայում 2012 թվականին: Ախտանիշներից են՝ բարձր ջերմություն, հազ եւ հեւոց: Հաճախ զարգանում է նաեւ թոքերի բորբոքում: Այդ սինդրոմից մահացությունը կազմում է մոտ 35%:

Հավելենք նաեւ, որ այդ սինդրոմով վարակման խոշոր դեպք է գրանցվել Հարավային Կորեայում 2015 թվականին: 2 ամսվա ընթացքում այն վարակել է 186 մարդու, որոնցից 36-ը մահացել է: Վարակի տարածումը հաջողվել է կանգնեցնել կարանտինի օգնությամբ, գրում է med.news.am: