Բուքինգհեմյան պալատում նշել են արքայազն Չարլզի 70-ամյակը

Թագուհի Էլիզաբեթ 2-րդը գովերգել է հոբելյարին և խմել վերջինիս կենացը
ch

Նոյեմբերի 14-ին բրիտանական գահի ժառանգ, Ուելսի արքայազն Չարլզը նշել է 70-ամյակը: Այդ առիթով թագուհու պաշտոնական կեցավայր Բուքինգհեմյան պալատում ճոխ ընդունելություն է կազմակերպվել: 

Daily Mail-ի տեղեկություններով, երեկոյին ներկա են եղել ոչ միայն հոբելյարի ընտանիքի անդամներն ու մտերիմները, այլև համաշխարհային արիստոկրատիայի ներկայացուցիչներ, աշխարհի տարբեր թագավորական տների անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Մոր համար մեծ պատիվ է շնորհավորել որդու 70-ամյակը: Դա նշանակում է, որ դու բավականաչափ երկար ես ապրել՝ տեսնելով՝ ինչպես է երեխադ մեծանում: Դա նման է ծառ տնկելուն ու դրա աճին հետևելուն: Երբ 70 տարեկան դարձա, իմ մայրն էլ էր կողքիս»,- արքայազնի կենացը խմելիս ասել է վերջինիս մայրը՝ թագուհի Էլիզաբեթ 2-րդը:

Նա Չարլզին բնութագրել է «նվիրված ու հարգված թագաժառանգ, ինչպես նաև հրաշալի հայր, որը կարող է պատմության մեջ այլ թագաժառանգների կողքին կանգնել»:

Նշվում է, որ արքայազնին խորապես հուզել են մոր խոսքերը, քանի որ թագուհին երբևէ հրապարակայնորեն սիրո դրսևորումներ թույլ չի տալիս:

432