Մենք թուրքերին հասկացրել ենք, որ С-400-ի տեղակայումն անթույլատրելի է. Մայք Պոմպեո

ԱՄՆ պետքարտուղարը հիշեցրել է, որ Անկարան հեռացվել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագրից

ԱՄՆ-ն Թուրքիային նախազգուշացրել է, որ անթույլատրելի է համարում ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի տեղակայումը, և որ Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն` Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

«Մենք թուրքերին հասկացրել ենք, որ С-400-ի տեղակայումն անթույլատրելի է»,- հայտնել է գերատեսչության ղեկավարը:

Պոմպեոն նաև հիշեցրել է, որ Անկարան հեռացվել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչ-ռմբակոծիչների արտադրության ծրագրից:

«Մենք կարող ենք նոր պատժամիջոցներ սահմանել: Մենք շատ կցանկանայինք, որ C-400-ը չգործարկվեր: Սա է մեր նպատակը։ Մենք այդ մասին ամիսներ շարունակ խոսել ենք թուրքական կողմի հետ»,-ընդգծել է պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել:

Օրեր առաջ՝ հուլիսի 12-ին, ռուսական C-400 համակարգերի առաջին խմբաքանակը մատակարարվել է Թուրքիա: ԱՄՆ մի խումբ սենատորներ կոչ են արել նախագահ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ` ռուսական C-400-ների մատակարարման մեկնարկի առնչությամբ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիր է անվանել: Էրդողանի խոսքով՝ C-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին: