Նիկոլ Փաշինյանը կարոտել է, ուզում է հետ բերել Վանոյին

Հեղափոխությունից հետո հաճախ հնչում էր կարծիք, թե Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է

«Ոստիկանությունը մշտապես կատարում է իր աշխատանքը: Մենք ունենք օրինակ ծանր դեպք, որը տաք հետքերով բացահայտվում է, բայց ունենք նաև փոքր դեպքեր, որոնք կարծես թե պիտի անմիջապես բացահայտվեն, բայց տարիներով չեն բացահայտվում: Ուզում եմ ասել, որ ոստիկանությունը ոչինչ չի մոռանում: Կան համապատասխան ծառայողներ, որոնք պատասխանատու են յուրաքանչյուր դեպքի բացահայտման համար: Այնպես որ, Վանո Սիրադեղյանին մենք հիմա էլ ենք փնտրում»: Հրավիրված ասուլիսի ժամանակ նման հայտարարություն է արել ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ դիրքորոշում ունի Վանո Սիրադեղյանի վերադառնալու մասին:
Հետաքրքիր է` ոստիկանությունը Վանո Սիրադեղյանին որպես ի ՞նչ է փնտրում` որպես հանցագո՞րծ, ով տարիներ շարունակ թաքնվել է իրավապահներից, որպես հետախուզվո՞ղ, որպես նախկին ոստիկանապե ՞տ, որպես գրող-հրապարակախոս և հանրային գործի ՞չ, կամ էլ միգուցե Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայր: Օսիպյանն այս առումով հավելյալ մանրամասներ չի ներկայացրել, ընդամենը բավարարվել է ասելով, որ կան հարցեր, որոնց հետ կապված ինքն ավելին ասել չի կարող. «Եթե այդքանն եմ ասում, ուրեմն այդքանն է պետք»,-ասել է նա: Իրավական առումով Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը դեռ չի կասեցվել, ուստի այս պահին նա դեռևս որոնման մեջ է գտնվում:
Հեղափոխությունից հետո հաճախ հնչում էր կարծիք, թե Նիկոլ Փաշինյանը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակն է, ուստի կարելի է ասել, որ հեղափոխությունը նաև առաջին նախագահի հաղթանակն է: Բայց նրանք, ովքեր ավելի լավ են ճանաչում Նիկոլ Փաշինյանին, միաժամանակ հիշում են նաև Վանոյի ժամանակները, կարող են փաստել, որ Փաշինյանի իրական հոգևոր և գաղափարական հայրը Վանո Սիրադեղյանն է: Վանոն և Նիկոլն ահագին շատ ընդհանուր գծեր և գաղափարական ընդհանրություններ ունեն:
Վանոյի ժամանակներն, իհարկե, հակասական են բոլոր իմաստներով: Լինելով տաղանդավոր գրող` նա շատ արագ վերածվեց տաղանդավոր հանցագործի, ով պետական ռեպրեսիան ու ոստիկանական մահակը դարձրել էր աշխատաոճ: Վանոն կարողացավ այն ժամանակ երկրում տիրող հասարակական բեսպրեդելին վերջ դնել: Նա երկրից վտարեց այսպես կոչված գողականներին` հայտարարելով, թե միակ գողն ինքն է լինելու: Այն ժամանակ բոլորը գիտեին, որ ոստիկանության հետ խնդիր ունեցողներին ժամանակ է տրվում` մուծվել կոնկրետ գումար և հեռանալ: Այն տարիներին  հալածյալի պես երկրից հեռացան ոչ մայն գողականները, այլ նաևբազմաթիվ ստեղծագործողներ,  գործարարներ: Իսկ նրանք, ովքեր կփորձեին հակադրվել, լրջագույն խնդիր կունենային. նրանց մեքենայի մեջ, տանը, ավտոտնակում կարող էր հայտնաբերվել թմրանյութ, ապօրինի զենք և այսպես շարունակ....
Լինելով ՀՀ Ներքին գործերի նախարար՝ Վ. Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992 թվականի ամռանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ (բանդա), որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործություններ: 
Ներկայումս Նիկոլ Փաշինյանն անցնում է այն նույն փուլերով, ինչ որ ժամանակին Վանո Սիրադեղյանը: Վանոն ժամանակին հայտարարել էր, որ երկրի միակ գողն ինքն է լինելու: Հիմա նույն գաղափարական սինխրոնացումն ապահովելու փորձեր նկատվում են նաև Նիկոլ Փաշինյանի մոտ: Նրան թվում է, թե երկրում միակ և եզակի իշխանությունն ինքն է, ուստի կարող է բոլորին հրամաններ տալ, փռել  ասֆալտին, ծեփել պատերին,  փակել  դատարանները, այդ թվում ՍԴ-ն `չհասկանալով, որ դրանք հացագործություններ են:
Իրականում հոգեհարազատության առումով Նիկոլը թերևս կարող է կարոտած լինել Վանոյին, կարող է նաև ետ բերել նրան` իրեն խորհուրդներ տալու և գոտեպնդելու համար:

Հեռանալուց առաջ` Վանոն հայտարարել էր, որ ինքը չի ուզում դառնալ քավության նոխազ:  Բայց հոգևոր և գաղափարական հայր լինելուց, այն էլ փախուստից ավելի քան երկու տասնամյակ անց, թերևս չի հրաժարվի:


Հայկ Դավթյան

hayeli.am