Իրանը պատրաստ է ոչնչացնել ԱՄՆ-ի անօդաչուները. Հասան Ռոհանի

Երկու պետությունների՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո

Իրանը պատրաստ է ոչնչացնել ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերը, եթե դրանք կրկին խախտեն երկրի օդային տարածքը: Նման հայտարարություն է արել Իրանի նախագահ Հասան Ռոհանին, գրում է lenta.ru-ն:

Հունիսի 21-ին Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ի զինված ուժերի հարվածն Իրանին կանգնեցրել է դա տեղի ունենալուց ընդամենը 10 րոպե առաջ: Մեկ օր անց նա հերքել էր սեփական խոսքերը և պարզաբանել, որ միայն ժամանակավորապես է դադարեցրել հարձակումը։

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերը հունիսի 20-ին խոցել էին ԱՄՆ անօդաչու հետախուզական սարքը։ Ամերիկյան կողմը սկզբում հերքել էր այդ հաղորդագրությունը, սակայն հետո խոստովանել էր, որ Իրանը խոցել է ամերիկյան խոշորագույն անօդաչու թռչող սարքերից մեկը՝ RQ-4A BAMS-D անօդաչու թռչող սարքը: Միաժամանակ Վաշինգտոնը պնդում է, որ դա տեղի է ունեցել միջազգային ջրերի վրա, իսկ Թեհրանը հայտարարում է, որ թռչող սարքը խախտել է Իրանի օդային սահմանը:

Երկու պետությունների՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել հունիսի 13-ին Օմանի ծոցում տեղի ունեցած միջադեպից հետո: Միացյալ Նահանգներն Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի նկատմամբ իրագործված հարձակման համար մեղադրում է Իրանին, որը, սակայն, հերքում է այդ մեղադրանքները: Այդ միջադեպից մեկ շաբաթ անց Իրանը հայտարարել էր իր օդային տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչու թռչող սարք կործանելու մասին: