Մասիվցի Անդիկի սպանության գործով խուզարկել են հայտնի քրեական հեղինակության բնակարանը

Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում

NEWS.am–ի տեղեկություններով՝ «Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում օրեր առաջ խուզարկել են քրեական հեղինակություն Արտյոմ Կանեւոսկոյի (Արտյոմ Հարությունով) բնակարանը:

NEWS.am-ի հետ զրույցում Կանևսկոյի պաշտպան Վարդուհի Էլբակյանը հայտնեց, որ իր վստահորդի բնակարանը խուզարկել են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ: Էլբակյանը տեղեկացրեց, որ դատարանի որոշման մեջ նշվել է, որ Հարությունովի բնակության վայրում կարող են պահված լինել ապօրինի կերպով ձեռք բերված զենք եւ ռազմամթերք: Փաստաբանը նշեց, որ բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է Կանեւսկոյի ազգականի օրինական զենքերը: Խուզարկությունից հետո Արտյոմ Կանեւսկոյը հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն, որտեղ բացատրություն է տվել: Նշեք, որ Մասիվցի Անդիկի սպանության գործի շրջանակում խուզարկել էին մի շարք «օրենքով գողերի» և քրեական հեղինակությունների բնակարաններ:

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքներ է ստացել 2019 թվականի հուլիսի 2-ին՝ Նոր Նորքի 5-րդ զանգվածի շենքերից մեկի բակում: Հարությունյանի դիակի վրա առկա է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք–զինամթերք պահելը) հատկանիշներով:Սպանությունը մինչ օրս, սակայն մնում է չբացահայտված: