Յուրայիններին՝ ամեն ինչ, իսկ հակառակորդներին՝ օրենք. Դավիթ Մաթևոսյան

Ի վերջո, եթե կա քաղաքական որոշում, չլիներ հիմա, կլիներ սեպտեմբերին կամ հոկտեմբերին հոգաբարձուների խորհրդի նորմալ նիստով

ԵՊՀ ուսանողական խորհրդի փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը իր ֆեյբուքյան էջում գրում է.

«ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման վերաբերյալ՝ վերջին անգամ

Հայաստանում զսպումների և հակակշիռների համակարգ երբեք չի եղել: Ցանկացած իշխանություն, որպես կանոն, կարողացել է իր ընդդիմախոսներին հաղթել: Բայց իշխանության քայքայումը հենց մոլեկուլյար գործընթաց է, և այն ամբողջանում է միայն տարբեր տեղային դժգոհությունների համակցմամբ: Այսինքն, հնարավոր է առանձին վերցրած բոլորին էլ հաղթել, բայց դրանից բխող դժգոհությունը երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է քայքայման:

Այս իմաստով ԵՊՀ-ի օրինակը լավագույնն է: Թեև խորհրդանշանակ իմաստով հեղափոխությունը սկսվել էր հենց ԵՊՀ-ից, այնուամենայնիվ իշխանությունները իրենց մի քանի քայլով արդեն հասցրել են վայելել համալսարանական լայն շրջանակների անվստահությունը: Քայլերից մեկը Արամ Սիմոնյանին վերակենդանացման բաժանմունք հասցրած մարդկանց գործողություններին ուղղակիորեն աջակցելն էր, մյուսը Ուսանողների խորհրդի լուծարմանն ուղղված անհաջող սադրանքն էր, հիմա էլ՝ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի անօրինական ճանապարհով լուծարումը: Ի վերջո, բացի ՈՒԽ-ի դեպքից, մնացածում իշխանությունները հասել են իրենց նպատակին, բայց խնդիրը վճարված գինն է, որն ավելի բարձր է, քան ստացված օգուտը: Որպես արդյունք՝ ունենք բավականին լայն շրջանակի դժգոհություն, որը երկարաժամկետ հեռանկարում հանգեցնելու է քայքայման և լեգիտիմության ճգնաժամի: Ինչպես, նախորդ ռեկտորի դեպքում հանգեցրեց: Եվ դա սարերի ետևում չէ:

Շատ խոսվեց մեյլերով ստորաբաժանում լուծարելու անընդունելիության մասին: Թերևս դա ամենակարևորը չէր: Ի վերջո, եթե կա քաղաքական որոշում, չլիներ հիմա, կլիներ սեպտեմբերին կամ հոկտեմբերին հոգաբարձուների խորհրդի նորմալ նիստով: Խնդիրը ավելի շատ նպատակին հասնելու համար միջոցներում խտրականություն չդնելու և «փաստարկի ուժը» «ուժի փաստարկով» փոխարինելու ազատության մեջ է: Խնդիրն այն է, որ «ինչու՞ եք լուծարում» հարցը ստանում է երևակայական պատասխան՝ որովհետև մենք հաղթել ենք: Միջնադարին հատուկ այս «նվաճողի իրավունքի» իրացումը երբեք լավ ապագայի չի բերելու: Թերթե՛ք պատմության էջերը:

Վերջում խնդրի մեկ այլ դիտանկյուն էլ ավելացնեմ: Այն մարդիկ, ովքեր Արամ Սիմոնյանի կողմից մայիսի 23-ին հրավիրված գիտխորհրդի նիստի՝ նախապես ծանուցված չլինելու հանգամանքը դարձրել էին հայոց հարց, այս անգամ ոչ մի ծպտուն չհանեցին: Ի վերջո, երկու դեպքն էլ կանոնակարգի խախտում է, և եթե սկզբունքային մարդ ես, երկու դեպքում էլ պետք է նույնը ասես: Բայց չէ, ինչպես ասում են՝ յուրայիններին՝ ամեն ինչ, իսկ հակառակորդներին՝ օրենք»։