Խոսելով չէ,ոչ էլ երգելով Սերգեյ Բագրատյանը՝ Լուսինե Բադալյանին

Լուսինե Բադալյանը պատասխանել էր այսպես այն հարցին թե ինչու Սևանի հարցով ԱԺ քննարկմանը ոչ միայն կառավարությունից ոչ ոք չկար, այլև որևէ իմքայլական պատգամավոր՝ «less conversation more action»
Լուսինե Սերգեյ

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սերգեյ Բագրատյանն ու Նաիրա Զոհրաբյանը նախորդ շաբաթ Սևանա լճի մի քանի կետերից ջուր էին վերցրել և ուղարկել Վրաստան՝ փորձաքննության։

Սերգեյ Բագրատյանը «Հրապարակին» հայտնեց, որ փորձաքննության պատասխանները պատրաստ կլինեն 12 աշխատանքային օրվա ընթացքում։

Հիշեցնենք, որ «Իմ քայլից» Լուսինե Բադալյանը, պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչու Սևանի հարցով ԱԺ քննարկմանը ոչ միայն կառավարությունից ոչ ոք չկար, այլև որևէ իմքայլական պատգամավոր, նշել էր, որ իրենց քաղաքականությունն այլ է, իրենք գործում են Բադալյանի սիրած երգի խոսքերով․«less conversation more action»։

Այսինքն՝ քիչ են գործում, քիչ խոսում։ Սերգեյ Բագրատյանին փոխանցեցինք գործընկերոջ դիտարկումը, ինչին ի պատասխան, նա ասաց․ «Լավ կլինի, որ ըտենց լինի, բայց դա պետք է գործով երևա։ Ասելով չէ, ոչ էլ երգով։ Երգով մեկ-մեկ ընենց բաներ են անում»։

Հարցին, թե ինչ են անելու փորձաքննության արդյունքների հետ, Բագրատյանը պատասխանեց՝ գնդակը տեղափոխելու են կառավարության դաշտ։ Այսինքն՝ դիմելու են կառավարությանը, որ սեպտեմբերից սկսած՝ ձեռնարկվեն քայլեր, որ կառավարությունը, ինչպես նախատեսված է «Սևանի մասին» օրենքի 30-րդ կետով, լճի առողջացման ծրագիր բերի Ազգային ժողով։

Սերգեյ Բագրատյանը ճշգրտեց․ «Այ, որ ասում են՝ երգով, անեն քայլ առ քայլ ու հետևողականորեն»։ Այսինքն՝ վերցնեն x ծավալի մաքրման ենթակա տարածքներ՝ տեղորոշեն ու մաքրեն։