Բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը համաձայն. Սվիտալսկի

Սվիտալսկին հայտարարել է, որ պատրաստ են խորհրդատվություն տրամադրել բոլոր այն ոլորտներում, որտեղ հայ գործընկերները կցանկանան

Եվրամիությունը որևէ բարեփոխումներ մոդել չի պարտադրում: Եվրոպայում չկա արդարադատության ոլորտի համար միասնական մոդել: Իսկ պրոբլեմներ կան ԵՄ անդամ երկրներում ու այդ երկրների միջև: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում:

Դեսպանի խոսքերով, ԵՄ-ն պատրաստ է տրամադրել չափելի ֆինանսական աջակցություն դատաիրավական բարեփոխումների գործընթացի համար: «Այս հարցը քննարկվել է մի քանի օր առաջ: Մեր աջակցությունը չափազանց կարևոր է ֆինանսական տեսանկյունից: Մենք դիտարկում ենք աջակցության երկու ուղղություն՝ ուղիղ, անմիջական աջակցություն և բազմամիլիոնանոց աջակցության ծրագիր առաջիկա երեք-չորս տարիների համար: Մենք անհամբեր սպասում ենք կոնկրետ պլանների, որոնք ՀՀ կառավարությունն ուրվագծում է: Մենք պատրաստ ենք այդ պլաններում Հայաստանին աջակցություն տրամադրել»:

Սվիտալսկին նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է խորհրդատվություն տրամադրել Հայաստանին, մոբիլիզացնել փորձագիտական ներուժը, որը պատրաստ է կիսել այլ երկրներում իրականացված բարեփոխումներից հետ կուտակված փորձով. «Եթե Հայաստանին հետաքրքրում է որևէ կոնկրետ երկրում բարեփոումների գործընթացը, մենք պատրաստ ենք հրավիրել փորձագետների, ովքեր կասեն, թե ինչն է լավ, ինչը՝ վատ, որպեսզի Հայաստանը չկրկնի այլ երկրների սխալները, օգտվի այլ երկրների լավ փորձից»:

Սվիտալսկին հայտարարել է, որ պատրաստ են խորհրդատվություն տրամադրել բոլոր այն ոլորտներում, որտեղ հայ գործընկերները կցանկանան. «Բարեփոխումների  գործընթացի ձևաչափը որոշում է Հայաստանի իշխանությունը»:

ԵՄ դեսպանի խոսքերով, բարեփոխումները պետք է իրականացվեն Հայաստանի Սահմանադրությանը համաձայն. «Բարեփոխումների ջանքերը պետք է ուղղվեն ըստ միջազգային ստանդարտների: Խոսքը մասնավորապես Եվրախորհրդի  ստանդարտների մասին է», գրում է analitik.am: