ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կանգած է փակման վտանգի առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երկու ամիս առաջ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնակատար էր ընտրվում, հոգաբարձուների խորհրդի նախագահը մի քանի անգամ շեշտեց, որ ռեկտորի պաշտոնակատար ընտրվում է օպերատիվ կառավարման համար. Վահագն Վարագյան

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը կանգած է փակման վտանգի առաջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը։

Նրա խոսքով՝ կենտրոնը գործում է 90-ական թվականներից, իսկ վերջին շրջանում  ակտիվ խոսում են, որ այն պետք է փակվի։

«Երկու ամիս առաջ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնակատար էր ընտրվում, հոգաբարձուների խորհրդի նախագահը մի քանի անգամ շեշտեց, որ ռեկտորի պաշտոնակատար ընտրվում է օպերատիվ կառավարման համար, և, ըստ երևույթին, օպերատիվ կառավարումից մեկն էլ մեր կենտրոնի փակումն է»,- նշեց Վ. Վարագյանը։

Ըստ նրա, հոգաբարձուների խորհրդի նիստում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն առաջակել է, որպեսզի ԵՊՀ-ի կառուցվածքային փոփոխությունների մասին քննարկում սկսեն։ Առաջարկից մեկ ամիս անց հոգաբարձուների խորհրդի նիստում նախկին ռեկտորի կողմից առաջարկ էր եղել համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումների փոփոխություն, ըստ որի նախատեսված էր՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը պետք է միավորվեր շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ։ Այնուհետև հարցը դրվել էր քննարկման և այդպես էլ չէր ընդունվել։

«Այստեղ կա նաև քաղաքական ասպեկտը, հոգաբարձուների խորհրդի նիստում Հովհաննես Հովհաննիսյանը հարցի քվեարկությունը չլինելուց հետո, ուղիղ եթերներից պարզ երևում է, որ հաղորդագրություն ուղարկեց, որից հետո պատասխանը ստացավ, այնուհետև կրկին առաջարկեց անդրադառնալ մեր կենտրոնին։ Տեսնում եմ, որ այստեղ իշխանությունների կողմից հստակ ուղղորդում կա, որպեսզի այս կենտրոնը լուծարվի։ Այս ամենից հետո հաջորդ քայլն այն եղավ, որ հարցը դրվեց հարցման կարգով, ինչն անօրինական էր։ Ստացվում է այնպես, որ այդ նիստով փորձում են մաքսիմալ ամեն ինչ անել, որպեսզի ուսանողների հետ տարվող աշխատանքներից կենտրոնն անօրինական ձևով լուծարվի»,- շեշտեց Վ. Վարագյանը։

Վահագն Վարագյանը վստահեցրեց, որ այս ամենի պատճառն իր քաղաքական հայացքներն են, քանի որ համացանցում մի քանի անգամ հստակ դիրքորոշում է հայտնել՝ նշելով, որ չի կիսում ներկայիս իշխանությունների տեսակետները, վերջիններս էլ փորձում են ուժի միջոցով այդ կենտրոնը փակել և ազատվել այլակարծությունից, ԵՊՀ-ում՝ իրենից, մինչդեռ ինքն իր քաղաքական հայացքներն աշխատանքային պարտականություններին երբեք չի խառնում։

Ինչ վերաբերում է վաղը նախատեսված Հոգաբարձուների խորհրդի նիստին, Վահագն Վարագյանը հայտարարեց, որ այն անօրինական է, քանի որ կա ԵՊՀ կանոնադրությունը, որը նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ոտնահարվում է։

«ԵՊՀ-ում կառուցվածքային ստորաբաժանումների լուծարման, վերամիավորման հարցերը պետք է գիտխորհրդում քննարկվի, ապա ռեկտորը պետք է ներկայացնի հոգաբարձուների հաստատմանը: Հիմա հարցը հոգաբարձուների խորհրդում քննարկվում է խորհրդի նախագահի առաջարկությամբ, հարցը օրակարգ մտցրել է ինքը, որի իրավունքը չուներ առաց գիտխորհրդի որոշման:

Նա նաև տեղեկանք է տվել ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի մասին, որին ես արձագանքել եմ, որ դրանք խեղաթյուրված են: Այս ամենը հաշվի առնելով՝ առաջարկում եմ, որ Հոգաբարձուների խորհրդի նախագահը և կազմակերպիչները հրապարակային ներողություն խնդրեն ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի աշխատակիցներից և հանեն այդ հարցն օրակարգից»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, Վահագն Վարագյանը տեղեկացրեց, որ երկուշաբթի օրը մեկնելու է արձակուրդ, կվերադառնա սեպտեմբերին և այդ ժամանակ էլ կորոշի, թե ինչպես է պայքարելու։

168.am-ի հարցին՝ հնարավո՞ր է՝ այս ամենի արդյունքում հրաժարվի Հանրապետական կուսակցության անդամակցությունից, քանի որ, իր խոսքով՝ կենտրոնը փակում են իր քաղաքական հայացքների պատճառով, Վահագն Վարագյանը պատասխանեց, որ անդամակցել է ՀՀԿ-ին և չի պատրաստվում հրաժարվել կուսակցությունից։