Փոլ Մաքքարթնին մասնակցություն կունենա «Այս հրաշալի կյանքը» հայտնի ֆիլմի նոր երաժշտական բեմադրությանը

Ամեն ինչ սկսվեց մի էլեկտրոնային հաղորդագրությունից, որտեղ Բիլն ինձ հարցնում էր՝ արդյոք ինձ չի՞ հետաքրքրի իր առաջարկը. Մաքքարթնի

Բրիտանացի երաժիշտ Փոլ Մաքքարթնին բացահայտել է, որ իր մասնակցությունն է ունենալու ռեժիսոր Ֆրենկ Կապրայի` 1946 թվականին նկարահանած «Այս հրաշալի կյանքը» ֆիլմի նոր երաժշտական բեմադրությանը, գրում է Daily Mail-ը:

Փոլ Մաքքարթնի

Հաղորդվում է, որ բեմադրության երաժշտությունը գրելուց զատ, Մաքքարթնին «Թոնի» մրցանակակիր, անգլիացի գրող Լի Հոլի հետ կաշխատի նաև երաժշտության բառերի վրա, իսկ թատերական իմպրեսարիո Բիլ Քենրայթը կբեմադրի ներկայացումը:

Քենրայթի խոսքով՝ նա Փոլ Մաքքարթնիին այս առաջարկով դիմել է դեռևս երեք տարի առաջ՝ սիրելի ֆիլմի նոր տարբերակի ստեղծման համար իրավունքները ձեռք բերելուց անմիջապես հետո:

Փոլ Մաքքարթնի

«Ամեն ինչ սկսվեց մի էլեկտրոնային հաղորդագրությունից, որտեղ Բիլն ինձ հարցնում էր՝ արդյոք ինձ չի՞ հետաքրքրի իր այդ առաջարկը»,- հայտնել է Մաքքարթնին:

«Մյուզիքլի համար երաժշտություն գրելն ինձ առաջ երբևէ չի գրավել, սակայն երբ ես և Բիլը հանդիպեցինք Լի Հոլին և սկսեցինք խոսել այդ թեմայի շուրջ, եկա այն եզրահանգմանը, որ այն կարող է հետաքրքիր լինել»,- հավելել է երգիչը:

Նա հույս ունի, որ հաջորդ տարի ներկայացումն արդեն թատրոններում կլինի:

Նշենք, որ ֆիլմի սցենարի հիմքում ընկած է ամերիկացի գրող Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի «Ամենամեծ նվերը» ստեղծագործությունը։

Ֆիլմի գլխավոր հերոսը Ջորջ Բեյլին է, ում մարմնավորել է այդ ժամանակների հայտնի դերասան Ջեյմս Սթյուարտը: Ջորջը, ունենալով բազմաթիվ խնդիրներ, հայտնվում է անելանելի իրավիճակում, որի հիմնական պատճառն իր ընկերության խոշոր գումարի կորուստն է։ Նրան որպես օգնական է ուղարկվում նրա պահապան հրեշտակը, որն օգնում է Ջորջին դուրս գալ այդ իրավիճակից։