«Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չունենանք. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը համոզված է, որ սա լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար

Երեւանի եւ Բաքվի միջեւ «Թեժ գիծն» աշխատում է, բայց դա չի երաշխավորում, որ մենք զոհեր չունենանք։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց մենք աշխատում ենք, որ բանակցություններն ունենան կոնկրետ արդյունք։ Ես հիմա միջազգային հանրության ներկայացուցիչներին, երբ ուզում եմ նկարագրեմ իրավիճակը, թե ինչու բանակցություններն առաջ չեն գնում, ասում եմ, որ կա մի պատճառ  եւ նախադասություն դրա համար։ Երբ ես ընտրվեցի ՀՀ վարչապետ, ես ամբիոնից հայտարարեցի, որ ԼՂ հարցի լուծման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի ժողովրդի համար, եւ սա ինչ–որ առումով աննախադեպ հայտարարություն էր, քանի որ ՀՀ ոչ մի ղեկավար չի ասել, որ որեւէ լուծում պետք է նաեւ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի»,–նշեց նա։

Վարչապետը համոզված է, որ սա լուրջ հիմք է ստեղծում բանակցային գործընթացի առաջընթացի համար. «Իսկ ինչո՞ւ չկա առաջընթաց, որովհետեւ Ադրբեջանի նախագահը 100 տոկոսով նույն նախադասությունը հրաժարվում է արտաբերել, նա էլ պետք է ասի, որ ԼՂ հարցի լուծման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար, Հայաստանի ժողովրդի եւ Ղարաբաղի ժողովրդի համար։ Քանի այդ նախադասությունն այն կողմից չի հնչել, նշանակում է՝ բանակցություններն արդյունավետ չեն։ Հետեւաբար, որեւէ մեկը մտածո՞ւմ է, որ ԼՂ հարցի լուծումը կարող է ընդունելի լինել Ադրբեջանի ժողովրդի համար եւ ընդունելի չլինել Ղարաբաղի ժողովրդի եւ Հայաստանի ժողովրդի համար։ Եթե ինչ–որ մեկն այդպես է մտածում, ուրեմն նա ոչ Ղարաբաղի ժողովրդին է ճանաչում, ոչ Հայաստանի ժողովրդին, ոչ էլ ընդհանրապես հայ ժողովրդին», գրում է news.am: