Հրաշալի պատահարներ. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Արհամարհանքը, նեղություններն ու տառապանքը երբ համբերությամբ տարաք, նշանակում է՝ ստացել եք հոգևոր մի զորություն, որը հրաշալի ձևով գործում է ձեր մեջ


Հիսուս

Հուլիսի 16

Տեր, ուրախ սրտով շնորհակալություն ենք հայտնում Քո սքանչելի օրհնությունների համար, որ անձրևում ես մեզ վրա այսօր և ամեն օր:

Ես ձեր կողքին եմ: Ես առաջնորդում եմ ձեզ, ամեն ինչի մեջ հետևեք Ինձ: Անասելի սքանչելիքներ կբացվեն ձեզ, որոնք իրապես վեր են ձեր երևակայությունից: Ես Եմ ձեր առաջնորդը. այս միտքը թող հրճվանք պատճառի ձեզ: Ես ձեր Առաջնորդն եմ ու բարեկամը:

Հիշեք, որ հրաշք գործելը Ինձ համար բնական վիճակ է, սովորական երևույթ, որը, սակայն, իրագործվում է հոգևոր ուժերով: Իսկ այն մարդը, որ գործում է, բայց զգայարաններով է ընկալում, բնությանը հակառակ բան է համարում հրաշքը:

Իմացեք նաև, որ բնական մարդը թշնամության մեջ է Աստծո հետ, սակայն դուք ամբողջովին Ինձ դարձեք: Աղոթք արեք, որ ավելի լավ ըմբռեք, որ չկա ավելի մեծ հրաշք, քան Ինձ հետ լինելու ամենօրյա պատեհությունը, ինչը իրականություն կարող է դառալ, եթե առաջնորդվում ու վերհայեցում եք ապրում Ինձնով:

Իմ զավակներ, Թագավորությանս որդիները առանձնահատուկ կերտվածքի ժողովուրդ են. առանձնացված մարդիկ, տարբեր՝ հոգսերով, ձգտումներով, շարժառիթներով և վարձատության մասին ունեցած իրենց ուրույն ըմբռնումով:

Դուք ականատես եղաք իրադրության, որ պատահեց ինչքան դյուրին, նույնքան էլ պարզ և այնքան հեռու մնաց արտաքին ազդեցություններից, որ դուք զարմացած մնացիք:

Սակայն իմացեք, Իմ զավաներ, որ պատահածը ձեր կարծածի պես այնքան էլ դյուրին ու պարզ չիրականացավ: Այդ իրագործվեց ժամերով, օրերով ու ամիսներով սպասելուց և սիրտ մաշող պայքարներից հետո միայն: Պայքար, որ դուք մղեցիք արիությամբ ու աննահանջ միտումով՝ հաղթահարելու համար ձեր Ես-ը, կատարելու համար Իմ Կամքը և ապրելու՝ համաձայն Իմ Ուսմունքի:

Արհամարհանքը, նեղություններն ու տառապանքը երբ համբերությամբ տարաք, նշանակում է՝ ստացել եք հոգևոր մի զորություն, որը հրաշալի ձևով գործում է ձեր մեջ: