Բռնցքամարտի նախկին չեմպիոն ռուս Ռենատ Ագզամովն աշխարհահռչակ հրուշակագործ է դարձել, որը մասնագիտանում է շքեղ տորթերի պատրաստման գործում:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, ուտելի գլուխգործոցների հեղինակն իր առաջին տորթը պատրաստել է 7 տարեկանում և պնդում է, որ մինչ օրս ավելի քան 2700 տորթ է պատրաստել՝ փորձելով բարելավել իր հմտությունները և գերազանցել հաճախորդների սպասելիքները:
Երիտասարդ տարիների մեծ մասը նա նվիրել է սպորտին և բռնցքամարտի չեմպիոն է դարձել հայրենիքում, սակայն այնուամենայնիվ Ագզամովը նշում է, որ պատրաստելը և հատկապես խմորեղեն պատրաստելն իր ամենամեծ տարերքն են եղել:
Այժմ նա շքեղ և անկրկնելի հարսանեկան և այլ հանդիսությունների համար նախատեսված տորթեր է պատրաստում աշխարհի տարբեր մասերում բնակվող հաճախորդների համար: Նրա գլուխգործոցներն աչքի են ընկնում ոչ միայն շքեղ տեսքով, այլև բավականին թանկ գնով:
Նրա «արվեստի գործերից» մեկը, որը պատրաստել էր անցյալ տարի հարսանյաց հանդեսի համար, արժեցել էր 179 000 դոլար: Հարսանեկան տորթն իրենից հեքիաթային դղյակ էր ներկայացնում՝ տասնյակ աշտարակներով, պատշգամբներով և մարդկային կերպարանքներով: 150 կգ կշռող տորթը պատրաստվել էր ղազախական հարսանիքի համար:
0Comments