Եկամտահարկի փոփոխության արդյունքում 210 հազար քաղաքացու աշխատավարձ է ավելանալու

Միկրոբիզնեսի համար կգործի եկամտահարկի այլ ռեժիմ
Փաշինյան

2019 թ.-ի բյուջեն հիմնված է պարամետրերի վրա, որոնք մենք ստացել ենք որպես ժառանգություն: Ընթացիկ քաղաքական քննարկումների և որոշումների ազդեցություններն այս փուլում հաշվի առնված չեն նախագծում, ինչը չի նշանակում, որ դրանք ցանկացած պահի չեն ներառվի: 

Այս մասին ԱԺ-ում 2019 թ.-ի բյուջեի նախագծի քննարկմանը ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Այնուամենայնիվ, մեր բյուջետային քաղաքականության մեջ տեղի են ունեցել շրջադարձային փոփոխություններ: Մեր բյուջետային, ընդհանրապես տնտեսական քաղաքականությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն: Այս հարցը մեզ համար ունի խիստ կարևոր գաղափարական նշանակություն: Որպես հանրային փոփոխությունների կարևորագույն պայման՝ մենք համարում ենք անհատական ջանքը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում չեն կարող դրական փոփոխություններ տեղի ունենալ, եթե այդ փոփոխությունների հիմքում ընկած չէ անհատական ջանքը: «Մենք տնտեսական աճ ասելով նկատի ենք ունենում համընդհանուր ջանքի մեկտեղում, և մեզ համար կարևոր է, որ ՀՀ-ում տնտեսական աճի կառուցվածքը փոխվի այնպես, որ դա լինի ներառող: Սա նշանակում է, որ մեր քաղաքական խնդիրն է յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություններ՝ թե քաղաքական, թե տնտեսական»,- նշեց նա, հավելելով, քաղաքական մակարդակում, այդ խնդիրը լուծված է, քանի որ ՀՀ-ում չկան մենաշնորհներ, տնտեսական գործունեության սահմանափակումներ, ներմուծման և արտահանման արգելքներ. «Մեր կարևորագույն խնդիրը լինելու է հենց տնտեսական նախապայմանների ապահովումը, որպեսզի տնտեսական գործունեության ցանկացած ձև լինի մատչելի բոլոր համար»,-ասաց նա:

Կառավարությունը քննարկում է միկրոբիզնեսն ամբողջությամբ հարկերից ազատելու հարցը: Նվազագույնը 20 մլն, առավելագույնը 24 մլն շրջանառության շեմը չգերազանցող բիզնեսները չեն վճարի որևէ հարկ: Վարչապետի պաշտոնակատարը համոզված է, որ այս քաղաքականությամբ հատկապես մարզերում կխրախուսվի տնտեսական գործունեությամբ զբաղվելը: 

«Շատ կարևոր է ընդգծել, որ միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև 3 աշխատող ունենալու պարագայում նրանց աշխատողների համար եկամտահարկի բոլորովին այլ ռեժիմ կգործի: Նրանք կհարկվեն ոչ թե 23 տոկոսով, այլ 5000 դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը»,- հայտնեց նա, նշելով, որ իրենց Կառավարության քաղաքականությունն է եղել և լինելու է աշխատանքի խրախուսումը,

«Մենք մեր քաղաքացիներին խրախուսելու ենք, որ նրանք աշխատեն, իրենց աղքատության և հուսահատության հետ չհամակերպվեն՝ իհարկե ունենալով Կառավարության աջակցությունն՝ իրենց համար ճանապարհ հարթելու ուղղությամբ»։

Վերջինս նշեց, որ իրենց իրականացրած քայլերի արդյունքում ՀՀ-ում թոշակ և նպաստ ստացող 85 հազար մարդ 2019 թվականին կստանա այնքան թոշակ և նպաստ, որ մենք համոզված կլինենք, որ իրենք իրենց սնունդը գնելու հնարավորություն կունենան։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019 թվականին պոլիկլինիկաների 14000 աշխատակցի աշխատավարձը ևս կբարձրանա, իսկ եկամտահարկի փոփոխության արդյունքում ավելանալու են ավելի քան  210 հազար քաղաքացու աշխատավարձ։ Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ  իրականացված այս միջոցառումները փաստում են, որ Կառավարությունը հավասարաչափ է առաջ գնում ինչպես աշխատանքը խրախուսելու, այնպես էլ սոցիալական երաշխիքներ ստեղծելու համար։