Բանկային համակարգում ժամանակավոր խափանումների պատճառը Հայաստանի տարածքում գրանցված հոսանքազրկումներն են։
Հայաստանի տարածքում էլեկտրաէներգիայի մատակարարման համատարած անջատումների հետ կապված ՀՀ բանկային համակարգում գլոբալ խնդիրներ չեն արձանագրվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկի խոսնակ Հարություն Կբեյանը:
«Այս պահին ամեն ինչ կարգին է, համակարգային, գլոբալ խնդիրներ չունենք։ Դեռ ոչ մի ահազանգ չենք ստացել»,– ասաց նա։
Մասնավոր բանկերից մի քանիսից, սակայն, sptnik Արմենիային հայտնեցին, որ բանկային մի շարք բաժանմունքներում ու բանկոմատներում ունեն համակարգի աշխատանքի խափանումներ` կապված հոսանքազրկումների հետ։
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը հայտարարել է, որ նախարար Ֆելիքս Ցոլակյանն անձամբ է ճշտում, թե ինչ է կատարվում Հայաստանի էներգետիկ համակարգում։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում հայտնել է, որ հոսանքի համատարած անջատումները պայմանավորված են 2 խոշոր էլեկտրակայաններում` Երևանի ՋԷԿ–ում ու Հրազդանի ՋԷԿ–ում տեղի ունեցած խոշոր վթարներով։ armeniasputnik.am
0Comments