Հունիսից կոշտ մեթոդներ են կիրառվում երգիչների նկատմամբ

Դավիթ Անանյանը մանրամասներ ներկայացրեց

2019 թվականի հունիսից ՊԵԿ-ը սկսել է կոշտ մեթոդներ կիրառել շոու բիզնեսի այն ներկայացուցիչների նկատմամբ, ովքեր թաքցնում են եկամուտները եւ չեն հայտարարագրում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Բայց որպեսզի այդ կոշտ գործողությունները լինեն շատ հասցեական, մենք յուրաքանչյուր երկչի վարքագիծը գնահատում ենք եւ յուրաքանչյուր երգչին անձնական նամակով հրավիրելու ենք ՊԵԿ քննարկումների: Անձնական նամակի մեջ նշվելու են կոնկրետ փաստեր միջոցառումներին նրանց մասնակցության վերաբերյալ, որոնցից մեր կողմից ակնկալվող իրենց ստացած եկամուտները մեր կարծիքով չեն հայտարարագրվել»,-ասաց Անանյանը:

Հարցին, թե ի՞նչ են ենթադրում այդ կոշտ մեթոդները, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգչին երբ անհատական նամակ է գնում եւ ըստ էության, նրան առերեւույթ մեղադրանք է ներկայացվում, որ օրինակ, նախորդ տարվա այսինչ միջոցառումը կամ այսինչ տուրնեն իրականացնելու արդյունքում քորեւէ կերպ որպես հարկ վճարող չեք հայտարարագրել ձեր եկամուտները, դրանից կոշտ վարչարարություն ես չեմ պատկերացնում: Վաստակավոր արտիստի կոչում ունեցողի համար այդ նամակն ամենակոշտ պատժիչ նշանակություն ունեցող փաստաթուղթն է», գրում է news.am:

Անանյանն ընդգծեց, որ այսօրվա շոու բիզնեսի ներկայացուցիչների մեջ էլ կան շատ օրինապահ երգիչ-երգչուհիներ, պարզապես, մշակույթի ձեւավորման խնդիր կա: