Երբեք չեն լինում մեծ գործեր առանց դժվարությունների

Այն, ինչը համարում ես դժվարություն, իրականում նպատակիդ մի մասն է

– Ուսուցիչ, ինչո՞ւ գոյություն ունեն մեր նպատակներին հասնել խոչընդոտող, մեր ընտրած ուղուց շեղող դժվարությունները, որոնք ստիպում են ընդունել մեր թուլությունները, – մի օր հարցրեց իմաստունին նրա աշակերտը:

– Այն, ինչը համարում ես դժվարություն, իրականում նպատակիդ մի մասն է: Դադարիր պայքարել դժվարությունների դեմ: Լոկ մտածիր դրանց մասին և նկատի առ դրանք, երբ ընտրես ճանապարհդ: Պատկերացրու, որ նետ ես արձակում. թիրախդ հեռու է, դու այն չես տեսնում, քանի որ շուրջդ վաղորդյան խիտ մառախուղ է: Մի՞թե կպայքարես մառախուղի դեմ: Իհարկե, ոչ. կսպասես, որ քամին փչի, և մառախուղը ցրվի: Իսկ երբ մառախուղը ցրվի, միգուցե քամի՞ն խանգարի նետիդ սլացքին: Մի՞թե կպայքարես քամու դեմ: Դա անիմաստ է. պարզապես կորոշես քամու ուղղությունը և դիրքդ փոխելով՝ նետդ կարձակես այլ անկյան տակ: Նաև աղեղդ կարող է ծանր ու ձիգ լինել, և դու ուժ չունենաս նետդ արձակել: Մի՞թե կպայքարես աղեղի դեմ: Փոխարենը կմարզես մկաններդ՝ ամեն անգամ ավելի ուժեղ ձգելով աղեղնալարը:

– Ուսուցիչ, բայց չէ՞ որ կան մարդիկ, ովքեր նետն արձակում են ճկուն աղեղից հանդարտ եղանակին, երբ քամի չկա, – նկատեց աշակերտը: – Ինչո՞ւ են բազում խոչընդոտներ առաջանում հենց իմ ճանապարհին: Միթե աշխարհը դեմ է իմ առաջընթացին:

– Երբեք մատնացույց մի արա մյուսներին, – պատասխանեց ուսուցիչը: – Յուրաքանչյուր մարդ ունի իր նետուաղեղն ու թիրախը, նաև նետն արձակելու իր ճիշտ ժամանակը: Ոմանց նպատակը ճիշտ կետին հարվածելն է, ուրիշներինը՝ կրակել սովորելու հնարավորությունը:

Ուսուցիչը մի պահ հապաղեց, ապա շարունակեց.
– Զավակս, ուզում եմ քեզ բացահայտել մի գաղտնիք: Մառախուղը չի ծածկում երկիրը՝ քո նետարձակմանը խոչընդոտելու համար, քամին չի սկսում փչել՝ քեզ խանգարելու և նետիդ սլացքը շեղելու համար, աղեղնաձիգն ամուր աղեղը չի ստեղծում, որպեսզի դու գիտակցես քո թուլությունը: Դրանք բոլորն ինքնին գոյություն ունեն: Եթե մտադրվես, կկարողանաս դիպուկ խփել թիրախին ցանկացած պայմաններում: Ուրեմն, դադարիր դժգոհել ու բողոքել դժվարություններից և սկսիր սովորել կրակել, կամ էլ մի կողմ թող հպարտությունդ ու ընտրիր ավելի հեշտ հասանելի նպատակ, որին կկարողանաս հասնել:

Ուինսթոն Չերչիլ. «Հոռետեսն ամեն հնարավորության մեջ տեսնում է դժվարություն: Լավատեսը ցանկացած դժվարությունում փնտրում է հնարավորություն»:
Վոլտեր. «Երբեք չեն լինում մեծ գործեր առանց դժվարությունների»:

Ռուսերենից թարգմանեց Լարիսա Նավասարդյանը

qahana.am