Փաշինյանը վիետնամցի գործարարների հետ քննարկել է ՀՀ-ում ներդրումային տարբեր ծրագրերի հնարավորությունները

Վարչապետ Փաշինյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը` ընդգծելով, որ այսօր Հայաստանում ներդրումների համար չկան արհեստական խոչընդոտներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վիետնամի առեւտրի պալատի ղեկավարության եւ վիետնամցի մոտ երկու տասնյակ խոշոր գործարարների հետ:

Վիետնամի առեւտրի պալատի նախագահ Վու Թիեն Լոքը նշել է, որ տեղյակ է ՀՀ վարչապետի եւ իր երկրի կառավարության ղեկավարի արդյունավետ բանակցությունների արդյունքներից` ավելացնելով, որ հանդիպմանը ներկա գործարարները հետաքրքրված են հայ գործընկերների հետ կապերի հաստատմամբ ու խորացմամբ:

Մասնավորապես, նա նշել է, որ գործարարները ներկայացնում են արդյունաբերության, գյուղատնտեսության, տեխնոլոգիաների, առեւտրի ոլորտները:

Վարչապետ Փաշինյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացված քայլերը` ընդգծելով, որ այսօր Հայաստանում ներդրումների համար չկան արհեստական խոչընդոտներ:

«ՀՀ կառավարության նպատակն է երկիրը վերածել տեխնոլոգիական պետության: Վերջին տարիներին Հայաստանում ՏՏ ոլորտն աճել է հինգ անգամ: Ոլորտի զարգացումը ոչ միայն շարունակվում է, այլ նաեւ ընթանում է ավելի արագ տեմեպերով: Ուրախ եմ, որ մեր երկրների ՏՏ ոլորտի պատասխանատուներն արդեն իսկ պայմանավորվել են իրականացնել պիլոտային համատեղ ծրագրեր»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը որպես համագործակցության հեռանկարային ճյուղեր նշել է նաեւ գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը, կրթությունը, տեքստիլ արդյունաբերությունը: Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ մեր պետությունը ազատ առեւտրային ռեժիմներ ունի Վրաստանի, Եվրասիական տնտեսական միության պետությունների, շուտով նման ռեժիմ կունենա նաեւ Իրանի հետ: Հայաստանը GSP եւ GSP+ ռեժիմներ ունի ԵՄ երկրների, ԱՄՆ-ի ու Շվեյցարիայի հետ: «Կարծում եմ` վիետնամցի գործարարների համար մեր երկիրը կարող է մեծ հետաքրքրություն ներկայացնել ոչ միայն նշածս ուղղություններով, այլ նաեւ հայկական խմիչքների` կոնյակի ու գինու, վերամշակված գյուղմթերքների` Վիետնամ արտահանելու առումով: Վստահ եմ, որ դրանք գին-որակ հարաբերակցությամբ կարող են մրցակցային լինել Վիետնամի շուկայում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոշոր` Sovico, Vingroup, Contrexim, Huang Som, Tiscovina, Hapro, Kangaroo, Voci, Constrexim Hod եւ մյուս ընկերությունների ղեկավարները ներկայացրել են հայկական շուկա մուտք գործելու, Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու, հայկական արտադրանքը, այդ թվում` կոնյակ եւ գինի Վիետնամ արտահանելու հետ կապված կոնկրետ առաջարկություններ:

Վարչապետ Փաշինյանը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին հանձնարարել է շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ: Միաժամանակ, վարչապետը նշել է, որ վիետնամցի գործարարներին ակնկալում է տեսնել ընթացիկ տարվա աշնանը Երեւանում` հայ-վիետնամական համատեղ բիզնես ֆորումի ժամանակ, ինչը բիզնես կապեր հաստատելու լավ հնարավորություն կտա, գրում է news.am:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել վիետնամական առաջատար Nhan Dan հեռուստաընկերությանը, որի ընթացքում խոսել է հայ-վիետնամական հարաբերությունների մասին, անդրադարձել Հանոյում ունեցած բանակցությունների արդյունքներին: