Սլովենիայում հայտնվել է Մելանյա Թրամփի «խայտառակ» փայտե քանդակը

Տեղացիները արձանն անվանել են «խայտառակություն» եւ հայտարարել, որ այն ամենեւին նման չէ Մելանյա Թրամփին

ԱՄՆ առաջին տիկնոջ՝ Մելանյա Թրամփի փայտե քանդակը հայտնվել է Սլովենիայում՝ նրա հայրենի Սեւնիցայի արվարձանում, հայտնում է BBC Newsը:  

Նշվում է, որ գաղափարի հեղինակը ամերիկացի նկարիչ Բրեդ Դաունին է, որը քանդակը ստեղծելու համար վարձել է սղոցով փորագրելու վարպետ Ալես Զուպցեւին:

Արդյունքում հայտնվել է Մելանյա Թրամփի փայտե պատկերը երկնագույն վերարկուով, որը նայում է Սավա գետի կողմը՝ ձեռքն ուղղած երկնքին:

Տեղացիները արձանն անվանել են «խայտառակություն» եւ հայտարարել, որ այն ամենեւին նման չէ Մելանյա Թրամփին, գրում է news.am:

Գաղափարի հեղինակ Բրեդ Դաունին Reuters-ի հետ հարցազրույցում ասել է, որ այս քանդակով ցանկացել է «երկխոսություն անցկացնել», որը կառնչվի ԱՄՆ քաղաքական վիճակին:

Սեւնիցան զբոսաշրջային քաղաքի է վերածվել 2016 թվականից, երբ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ նախագահ, իսկ քաղաքի նախկին բնակիչ Մելանյա Թրամփը՝ ԱՄՆ առաջին տիկինը: