Թուրքիային հաջողվում է մեծ խաղը խաղալ այդ մեծ պետությունների հետ

ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսել է ռուս-թուրքական համագործակցության և Թուրքիայի՝ տարածաշրջանում դերի բարձրացման վտանգներից

Tert.am-ը ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի հետ զրույցել է ռուս-թուրքական համագործակցության և Թուրքիայի՝ տարածաշրջանում դերի բարձրացման վտանգներից: Նրա խոսքով՝ Թուրքիային հաջողվում է մեծ խաղը խաղալ այդ մեծ պետությունների հետ և առաջ տանել իր նպատակները:

-Պարո՛ն Սաֆրաստյան,  C-400- ի ձեռքբերման ռուս-թուրքական գործարքը, չնայած թերահավատ կանխատեսումներին, կարծես իրականություն է դառնում․ արդեն խոսվում է, որ ռուսական զենքի առաջին խմբաքանակը Թուրքիա կհասնի հաջորդ շաբաթ: Դրան զուգահեռ և այդ պատճառով լարվել էին թուրք-ամերիկյան հարաբերությունները․ Միացյալ Նահանգները հայտարարում էր պատժամիջոցների, F-35 կործանիչներ Թուրքիային չտրամադրելու մասին: Ի՞նչ իրավիճակ է ստեղծվել  Թուրքիայի շուրջ, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:

-C-400-ի գործարքն, այո, իրականություն է դառնում: Այն, ինձ թվում է, չեղարկել չի լինի: Բազմիցս անձամբ Էրդողանն է հայտարարել, որ այն իրականություն կդառնա:

Ինչ վերաբերում է թուրք-ամերիկյան հարաբերություններին, ապա պետք է հիշատակել, որ վերջերս տեղի ունեցավ հանդիպում Էրդողանի և Թրամփի միջև՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակներում, և այն ցույց տվեց, որ որոշակի համաձայնություն է ձեռք բերվել ամերիկացիների և թուրքերի միջև․ անմիջապես այդ հանդիպումից հետո Թրամփը գովեստի խոսքեր արտաբերեց Էրդողանի հասցեին և ասաց, որ ԱՄՆ նախկին վարչակազմի պատճառով է, որ Թուրքիան ռուսներից զենք գնեց. հավաստիացրեց նաև, որ Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ին հավատարիմ և ԱՄՆ-ի ռազմաքաղաքական դաշնակիցն է: Դրանից  կարելի է ենթադրել, որ որոշակի կոմպրոմիս է ձեռք բերվել, որ ամերիկացիները համաձայնել են ռուս-թուրքական այդ գործարքի ընթացքի հետ:

Ինչ վերաբերում է, թե ինչ կարող է լինել այդ կոմպրոմիսը, ապա պետք է ասել, որ մինչ այդ խոսվում էր, որ կարծես թե, Թուրքիան առաջարկում է ամերիկացիներին, որ այս C-400-ները տեղադրվեն Սիրիայի սահմանին մոտ տարածքում: Այդ հարցում, կարծում եմ, ամերիկացիների հետ եկել են համաձայնության:

Այստեղ աշխարհաքաղաքական հետևություններ կարող ենք անել․ առաջինը, որ այնքան մեծ է Թուրքիայի նշանակությունը ԱՄՆ-ի համար, որ նրանք նույնիսկ այս պայմաններում, երբ Թուրքիան ակնհայտ Միացյալ Նահանգների կամքի դեմ գնաց, նրանք չեն դիմում պատժամիջոցների, ինչպես հայտարարել էին: Իսկ Թրամփը խոսում էր պատժամիջոցների մասին:

Մյուս եզրակացությունը, որ ստեղծված իրավիճակում կարող ենք անել, այն է, որ Էրդողանին հաջողվեց հասնել իր նպատակներին, և դրա համար վճարեց, կարծես թե, փոքր գին՝ խուսափել պատժամիջոցներից և ստանալ C-400-ները, որոնց իրենք ձգտում էին:

Երրորդ եզրակացությունն այն է, որ թուրք-ռուսական համագործակցությունը, բացի C-400-ից ենթադրում է նաև գործարք ատոմակայան կառուցելու մասին, որի շուրջ արդեն համաձայնության են եկել: Նաև կա համաձայնություն Սև ծովի հատակով՝ Թուրքիայի տարածքով, ռուսական գազը տանել Եվրոպա: Այս գործարքի իրականություն դառնալը դեռ, իհարկե, հարցականի տակ է դրված, բայց այնուամենայնիվ, դրա մասին խոսվում է: Դրանք միլիարդավոր դոլարների գործարքներ են և վկայում են այն մասին, որ Թուրքիան և Ռուսաստանը, համենայն դեպս, ներկա փուլում իրար կարիք ունեն: Դա նաև արտացոլվում է աշխարհաքաղաքական իրողություններում․ տեսնում ենք, որ Թուրքիան բացահայտ խախտում է Ռուսաստանի հետ  Սիրիայում՝ Իդլիբի հետ կապված պայմանավորվածությունները, և ռուսները դրա վրա աչք են փակում:

-Ստացվում է, որ և՛ Միացյալ Նահանգներն է աչք փակում Թուրքիայի գործողությունների վրա, և՛ Ռուսաստա՞նը:

- Այո՛, Թուրքիային հաջողվում է այս մեծ խաղը խաղալ այդ մեծ պետությունների հետ և առաջ տանել իր նպատակները:

- Կարո՞ղ ենք ասել, որ տարածաշրջանում Թուրքիան կարողանում է իր բարձր դերը պահել:

- Այո՛, կարողանում է պահել իր դերը: Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնենք, որ հիմա ամերիկացիներն ամեն ինչ անում են, որ թուլացնեն Իրանի դերը տարածաշրջանում: Իսկ մենք տեսնում ենք, որ վերջին տարիներին Իրանը աշխարհաքաղաքական առումով տարածաշրջանում իր դիրքերը շատ ուժեղացրել է․ իր ազդեցության ոլորտը տարածել է և՛ Իրաքի, և՛ Սիրիայի, և Լիբանանի վրա՝ այդպիսով ապահովելով իր համար ելք դեպի Միջերկրական ծով: Ստացվում է, որ ամերիկացիների ճնշումը Իրանի վրա պայմանավորված է հենց այդ հանգամանքով, որ Իրանի դերն ուժեղացել է:

-ԱՄՆ-ը, ի դեմս Թուրքիայի, փորձում է տարածաշրջանում հակակշի՞ռ ստեղծել:

- Իհարկե, փորձում են հակակշիռ ստեղծել, բայց այստեղ կարևոր է այն, որ մենք տեսնում ենք, որ  Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ճնշումն է մեծանում: Մյուս կողմից՝ ԱՄՆ-Սաուդյան Արաբիա հարաբերություններն են  բավականին վատ վիճակում գտնվում, իսկ Սաուդյան Արաբիան Թուրքիայի գլխավոր հակառակորդներից է Մերձավոր Արևելքում:

Տեսնում ենք, որ Թուրքիային, Էրդողանին հաջողվում է իր «արկածախնդրային քաղաքականությունը»  առաջ տանել: Խնդիր է հասկանալը, թե ինչքան ժամանակ Էրդողանին դա կհաջողվի, քանի որ տեսնում ենք, որ երկրում Էրդողանի դիրքերն են թուլանում: Դա ակնհայտ դարձավ Ստամբուլի ընտրություններից հետո: Չի բացառվում, որ Էրդողանի դիրքերի թուլացումը կհանգեցնի նաև նրան, որ նա ստիպված կլինի վերանայել իր ավանտյուրիստական քաղաքականությունը:

- Թուրքիայի դերի բարձրացումը մեզ անհանգստացնում է նաև Արցախյան հիմնախնդրի համատեքստում, քանի որ Ադրբեջանին աջակցելու մասին մշտապես են հնչում հայտարարություններ: Ի՞նչ խնդիրների առջև ենք մենք իրականում կանգնում:

-Այո՛, դա այդպես է: Մեկ հանգամանքի վրա էլ պետք կանգ առնել: Թուրքիան սկսել է Մերձավոր Արևելքում մեծ խաղ խաղալ, կարծում եմ՝ նրա ուշադրությունը Հարավային Կովկասի նկատմամբ թուլացել է, և սա մեզ հնարավորություն է տալիս, քանի որ Թուրքիան Ադրբեջանին չի մղի ավելի ավանտյուրիստական քայլերի, քան ինքը Ադրբեջանն է ցանկանում, այսինքն՝ Թուրքիան չի փորձի Ադրբեջանի գործիք դարձնել Հարավային Կովկասում, քանի որ այնտեղ ինքը դեռ ակտիվություն չի դրսևորում: 

Բայց Հարավային Կովկասում կա մի կարևորագույն խնդիր՝ Նախիջևանն է, որտեղ Թուրքիան ակնհայտորեն ակտիվություն է դրսևորում․ նախապատրաստում է հիմք՝ ռազմական բազա ստեղծելու համար: Թուրքական իշխանական վերնախավը միջանցքներում քննարկում է երկրի սահմաններից դուրս ռազմաբազաներ ունենալու հարցը: Քննարկվում է իրենց երրորդ ռազմաբազան ստեղծել Նախիջևանում: Այս ակտիվությունը նախապատրաստական նպատակներ ունի․ երբ գա իրենց համար բարենպաստ պահը, նա կստեղծի այդ ռազմաբազան, իսկ դա նշանակում է, որ նա կակտիվացնի իր գործողությունները Հարավային Կովկասում:

Մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ ռուսները, և մենք էլ իհարկե, շատ ուշադիր այդ գործընթացին հետևում ենք: Եվ այն ռազմական վարժությունները, որ պետք է մեր բանակն անցկացնի Ռուսաստանի հետ, արտացոլումն է այդ ուշադիր հետևելը:

Դա ցույց է տալիս, որ ռազմական դաշնակիցները անհրաժեշտության դեպքում պատրաստ են հակահարված տալուն:

-Ձեր նշած սցենարների դեմ պայքարում մենք ինքներս ի՞նչ մեխանիզմներ պետք է ունենանք:

-Այնքան մեծ աշխարհաքաղաքական խաղեր են դրանք: Դրանք, իհարկե, տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, բայց մեզնից շատ հեռու չեն: Բայց մյուս կողմից՝ Էրդողանի այս ավանտյուրիստական քաղաքականությունը՝ այսպիսի մեծ խաղով... Այդ խաղը մեզ համար էլ կարող է վտանգ սպառնալ: Մեզ համար կարևոր է հասկանալը, թե ինչ կարող է անել Թուրքիան, կարո՞ղ է նա Ադրբեջանին ակտիվացնել իր այդ խաղի մեջ՝ օգտագործելով Ադրբեջանի ագրեսիվությունը մեր դեմ: Պետք է հասկանալ, թե երբ կարող է լինել այդ պահը և ինչ ձևով այն կարտահայտվի: Շատ կարևոր է այդ ամենը շատ լուրջ ուսումնասիրել:

Այս համատեքստում կարևոր են մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բայց ամենակարևորն ու ամենաառաջինը՝ մեզ համար պետք է լինի մեր բանակի պատրաստվածությունը՝ հակահարված տալու մեր անվտանգությանը սպառնացողներին, որ կողմից էլ որ լինեն: