Ի՞նչ է պարունակվում կաթի մեջ, որը մենք խմում ենք

Գիտնականները ստեղծել են կաթի հանրագիտարանը

 

Ի՞նչ է պարունակվում կաթի մեջ, որը մենք խմում ենք: Այս հարցին պատասխանելու համար Ալբերտայի համալսարանի գիտնականները ստեղծել են յուրահատուկ «կաթի հանրագիտարան»՝ տվյալների բազա կաթի մեջ պարունակվող բոլոր օգտակար նյութերի մասին տեղեկություններով:

Mirage News-ը հայտնում է, որ կաթի մեջ կա 2 հազարից ավելի օգտակար նյութ, այդ թվում՝ օրգանական թթուներ, ամինաթթուներ, վիտամինների եւ մետաղների իոններ: Գիտնականները հետազոտության ընթացքում հայտնաբերել են, որ կաթի մեջ կան նաեւ նախկինում անհայտ 168 միացություններ:

Մասնագետների խոսքով՝ եթե կաթից յուղը հեռացվի, դուք կզրկվեք A, D, E, K վիտամիններից եւ նույնիսկ C վիտամինից: Սա պետք է հաշվի առնել սնվելու հանձնարարականներ կազմելիս:

Իսկ ընդհանրապես, կաթը քիմիապես այնքան բարդ մթերք է, որ ուղղակի անհնար է դրա ճշգրիտ բաղադրությունը որոշել: Բացառված չէ, որ այն կարող է պարունակել այնքան յուրահատուկ, հազվագյուտ կամ առավելագույնս փոքր պարունակությամբ նյութեր, որ դրանք ուսումնասիրելը կամ չափելը պարզապես անիրական է:

Ավելին՝ տարբեր կովերի կաթը կարող է բաղադրությամբ տարբերվել. բաղադրությունը կախված է մի ամբողջ շարք գործոններից, գրում է med.news.am: