Ո՞վ կարող է ասել՝ դատական իշխանությանը վստահո՞ւմ են, թե՞՝ ոչ կամ ի՞նչ չափով են վստահում. դատական իշխանության մասին խոսում են թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությունից, ընդ որում, ոչ միայն խոսում են, այլև պահանջներ են ներկայացնում՝ հրաժարականների տեսքով: Այս մասին «Սահմանադրության մեկնաբանություն. գործիքներ և սահմաններ» և «Դատական իշխանությունը որպես իրավունքի սահմանապահ» թեմաներով քննարկման ժամանակ հայտարարեց Բարձրագույն դատական խորհրդի նախկին անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը:
«Երբ առաջին անգամ լսեցի, որ մի քանի երիտասարդ պատգամավորներ մեր հրաժարականն են պահանջում, ես այդ օրը պատրաստվում էի հրաժարական տալ, բայց ասացի՝ մի փոքր պետք է համբերել. հրաժարական միշտ էլ կարելի է տալ, բայց պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք կա: Դրա համար հայտարարությամբ հանդես եկա, որ՝ ինչ-ինչ, բայց դա ձեր (պատգամավորների/խմբ.) կարգավիճակից չի բխում, դուք խախտում եք օրենքը, թույլ եք տալիս հակաօրինական քայլեր: Երբ հանդարտվեց, ասացի՝ հիմա կարող եմ հանգիստ հրաժարական տալ»,- նշեց նա:
Նա նշեց, որ իսկապես, դատարանների նկատմամբ վստահության վերաբերյալ որևէ արտահայտություն գործադիր իշխանությունը չի կարող, իրավասու էլ չէ անելու, սա անթույլատրելի է: Ըստ նրա, եթե նույնիսկ ասեն՝ շատ են վստահում, դա էլ է անթույլատրելի:
«Դատական իշխանությունում իրոք խնդիրներ կան, բայց այդ խնդիրների լուծման հայեցակարգը մենք մշակել էինք՝ հասկանալով, որ դա մեկ-երկու օրվա լուծվելիք խնդիր չէ՝ պետք է համակարգը բարելավվի, պետք է կարողանանք թարմ ուժեր բերել, որոնք մտածում են ու կարող են սկզբունքային լինել, ինքնուրույն գործել»,- ասաց նա և հավելեց.
«Ցավոք, համակարգում ավելի շատ ունենք մարդիկ, որոնք հակված են, որ իրենց ցուցում տան: Իրենք իրենց կոմֆորտ են զգում և դեմ են անկախությանը: Երբեք չմտածեք, որ բոլոր դատավորները երազում են լինել անկախ: Մի մասն ասում են՝ տվեք մեզ ցուցում, ասեք՝ ինչ պետք է անեմ ու ինձ մի անհանգստացրեք: Սա շատ վտանգավոր կեցվածք է: Սա պետք է կարողանանք լուծել: Ցնցումները, որ կարող են տեղի ունենալ, հանգեցնելու են դատական համակարգի լուրջ ոտնձգության, և համակարգը դարձնելու են խոցելի: Ավելին ասեմ՝ երբ տեղի են ունենում ցնցումներ՝ անորոշ իրավիճակի գնահատման, վաղվա օրվա հետ կապված, իսկ փորձագետներն էլ ասում են՝ թող լինի միջազգային եզրակացություն, հետո մենք դրան կանդրադառնանք, սրանից օգտվում են այն դատավորները, որոնք հիմա կոմֆորտ վիճակում են»:
0Comments