Աղբատար բոլոր մեքենաները սարքին են, մեկն անցած շաբաթ հայտնվել է ՃՏՊ-ի մեջ, սակայն արագ վերականգնվել է

Հակոբ Կարապետյանը նշեց, որ գնվել է ևս 19 աղբատար մեքենա, որոնք ճանապարհին են
Հակոբ Կարապետյան

Դա ապատեղեկատվություն է, աղբատար 5 «ԿամԱԶ»-ներն էլ գտնվում են սարքին վիճակում, ավելին՝ այս պահին աշխատանքի մեջ են: Ցանկացած հետաքրքրվող լրագրող կարող է գալ և հետևել դրանց աշխատանքին: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակմանը, թե քաղաքապետարանի ձեռք բերած «ԿամԱԶ»-ները մեկը մյուսի հետևից խափանվում են:

«Մեկն անցած շաբաթ հայտնվել է ՃՏՊ-ի մեջ, սակայն արագ վերականգնվել է և երկուշաբթի օրվանից աշխատում է»,-նշեց Կարապետյանը:

Աղբատար

Վերջինս նաև անդրադարձավ այսօր Երևանի Դավիթաշեն համայնքում տեղի ունեցած դեպքին, երբ աղբատար «ԿամԱԶ»-ներից մեկը խրվել է ասՖալտի մեջ:

«Այդ հատվածում եղել է բաց դիտահոր, հանրային ծառայություն մատուցող ընկերություններից մեկի բաց դիտահորն է եղել, որի մեջ էլ ընկել է մեքենան»,-պարզաբանեց Կարապետյանը:

Աղբատար

Մամուլի խոսնակը նաև նշեց, որ գնվել է ևս 19 աղբատար մեքենա, որոնք ճանապարհին են: