Կոմայից արթնացած տղամարդն իմացավ, որ հայր է դառնալու

Երեք ամիս անց, հունիսի կեսին, տղամարդն արթնացավ եւ հիվանդասենյակում տեսավ հղի աղջկան
Ջոոզեֆ Քալեն

29-ամյա Ջոոզեֆ Քալենը անգլիական Դերբի քաղաքից (Դերբիշիրի կոմսություն) արհեստական կոմայից արթնանալով իմացավ, որ սիրեցյալը հղիության չորրորդ ամսում է։

Ինչպես պատմում է The Mirror-ը, 2018 թվականին Ջոզեֆի մոտ տարօրինակ ախտանշաններ սկսվեցին, որոնք նման էին գրիպի կամ մրսածության՝ թուլություն մարմնում եւ սուր գլխացավ։ Մարտին նրա վիճակը վատացավ, եւ նրա մոտ վերջույթների կաթված ու գլխուղեղի այտուց առաջացան։ Բժիշկները ՄՌՏ եւ արյան անալիզ արեցին, բայց այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչ է տեղի ունենում երիտասարդի հետ։

Այդ ժամանակ որոշվեց նրան արհեստական կոմայի մեջ գցել։ Այդ ընթացքում Ջոզեֆի ոսկրածուծի նմուշներն ուղարկեցին Շվեդիա եւ ԱՄՆ՝ զննության։ Պարզվեց, որ տղամարդը աուտոիմունային էնցեֆալիտ ունի, որի դեպքում օրգանիզմն արտադրում է հակամարմիններ սեփական նյարդային բջիջներով։ Ողջ մնալու շանսը, ըստ բժիշկների, բավական փոքր էր։

Ջոզեֆին արհեստական կոմայի մեջ գցելուց երկու օր առաջ նրա սիրած աղջիկը՝ Բիլի Սմիթը, իմացավ, որ երեխա է սպասում։ Սակայն նա չհամարձակվեց այդ մասին ասել Ջոզեֆին. ցանկանում էր սպասել, մինչեւ որ նա իրեն լավ կզգար։

Երեք ամիս անց, հունիսի կեսին, տղամարդն արթնացավ եւ հիվանդասենյակում տեսավ հղի աղջկան։

«Բիլին այդ ժամանակ ինձ ասաց. «Ինչ լավ է, որ արթնացար, որովհետեւ ես երեխա եմ սպասում»,- արթնանալու առաջին պահերը նկարագրում է Ջոզեֆը։

Աղջկա խոսքով՝ Ջոզեֆը միայն կարողանում էր շուրթերը շարժել, բայց երեւում էր, որ ուրախ է այդ նորությունից։

2018-ի դեկտեմբերին ծնվեց Ջոզեֆի եւ Բիլիի աղջիկը, գրում է news.am:

Վերջին տասն ամիսներին Ջոզեֆն ինտենսիվ բուժում է ստացել, ինչի շնորհիվ սկսել է շարժել ձեռքերը։ Սակայն ոտքերի շարժունությունն այդպես էլ չի վերականգնվել։ Ջոզեֆը հիվանդանոցում 16 ամիս է մնացել, նախատեսում են նրան դուրս գրել օգոստոսին։