Ռուսերենն ունի առանձնահատուկ և կարևոր նշանակություն

Վարչապետը շնորհավորել է Լոմոնոսովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղի շրջանավարտներին՝ կարևորելով այն, որ նրանք դիպլոմները ստանում են նոր Հայաստանում

Այսպիսի համալսարանի գոյությունը Հայաստանում լիարժեք համընկնում է ապագայի վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների հետ, որովհետև մենք համոզված ենք, որ բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ՀՀ-ում, ունեն լուծման մեկ բանալի: Այդ բանալին գիտելիքն է, իմացությունը, հետազոտությունը: Լոմոնոսովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, նման համալսարանները Հայաստան են բերում կրթության, գիտության, հետազոտության ոլորտում գոյություն ունեցող ահռելի փորձ. «Այդ փորձի առկայությունից օգտվելը համար մեր քաղաքացիները, մեր երիտասարդները բացառիկ հնարավորություն ունեն»:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց ՌԴ կառավարությանը համալսարանի բացման գործում ցուցաբերած շահագրգռվածության և աջակցության համար. «Նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնելու մեր մտահորիզոնը: Հայաստանի քաղաքացիները՝ որպես ռազմավարական տեսլական, պետք է առնվազն մի քանի օտար լեզուների տիրապետեն: Այդ շարքում ռուսերենն ունի առանձնահատուկ և կարևոր նշանակությունը: Ես ուրախ եմ, որ Մոսկվայի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում ոչ միայն մեզ հնարավորություն է տալիս հաղորդակցվելու հսկայական փորձի հետ, այլ նաև նոր հարթակ է դառնում ռուսերենի զարգացման և ընդլայնման համար»:

Վարչապետ Փաշինյանը շնորհավորեց շրջանավարտներին՝ կարևորելով այն, որ նրանք դիպլոմները ստանում են նոր Հայաստանում. «Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները տեղի են ունենում ձեր աջակցությամբ և մասնակցությամբ: Այսօր դուք ձեր նպաստն եք բերելու Հայաստանի, հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը, իսկ այդ հարաբերություներն ինչպես ունեցել, այնպես էլ շարունակում են ռազմավարական նշանակություն ունենալ Հայաստանի համար: Ես ուզում եմ մեզ բոլորիս հաջողություն մաղթել մեր հայրենիքի զարգացման և շենացման գործում»: