Կարող է՝ ինչ-որ սարի գլխին ջերմաստիճանը զրո լինի, սա դեռ չի նշանակում, որ գյուղատնտեսությունում խնդիրներ կլինեն. Հրաչ Բերբերյան

Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է սպասվող եղանակին և նշել, որ հունվարյան հուլիս է սպասվում. «Այս գիշեր Աշոցքում և Ծաղկահովտում օդի ջերմաստիճանը նվազել է մինչև 0 աստիճան»,- գրել է Գագիկ Սուրենյանը։

Իսկ երեկ նա տեղեկացրել էր, որ հուլիսին հանրապետության տարածքի եղանակակլիմայական պայմանների ձևավորման վրա իրենց հիմնական ազդեցությունն են թողնելու Սև ծովից ներթափանցող խոնավ և սառը օդային հոսանքները, ինչով պայմանավորված՝ հուլիս ամսին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է 1 աստիճանով նորմայից ցածր, իսկ տեղումների քանակը՝ նորմայից ավելի.

«Սա նշանակում է, որ ունենալու ենք համեմատաբար զով և տեղումնառատ հուլիս։ Հանրապետության ամենաշոգ վայրերում (Արարատյան դաշտ, Սյունիքի հովիտներ, Երևան) ամսվա ընթացքում ընդամենը 2-3 օր օդի ջերմաստիճանը կարող է բարձրանալ ընդամենը +37 – +38 աստիճան»,- տեղեկացրել էր նա։

168.am-ը  «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեց, թե ջերմաստիճանի նվազումը մինչև զրո աստիճան ինչպե՞ս կարող է անդրադառնալ միրգ-բանջարեղենի վրա։

«Ես Գագիկ Սուրենյանին շատ եմ հարգում, բայց նրա կանխատեսումները միշտ ձախողվում են։ Կարծում եմ՝ այսօր էլ է ձախողվելու, քանի որ նման բան հնարավոր չէ, երկար տարիներ գյուղատնտեսությունում եմ աշխատում, սեփական փորձիս վրա հիմնվելով եմ ասում։ Կարող է՝ ինչ-որ սարի գլխին ջերմաստիճանը զրո լինի, բայց սա դեռ չի նշանակում, որ գյուղատնտեսությունում խնդիրներ կլինեն, ու ցածր ջերմաստիճանը կազդի միրգ-բանջարեղենի վրա»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Ինչ վերաբերում է սպասվող նորմայից բարձր տեղումներին, Հրաչ Բերբերյանը զգուշացրեց՝ գյուղացիները  պետք է ուշադիր լինեն, քանի որ խոնավ եղանակի պայմաններում կարող են գլուխ բարձրացնել մի շարք հիվանդություններ։

«Գերխոնավ վիճակը կարող է ակտիվացնել սնկային հիվանդությունները, գյուղացիները պետք է ուշադիր լինեն և ժամանակին սրսկումներ կատարեն՝ կարտոֆիլի, լոլիկի և այլ բույսերի։ Այս առումով ռիսկայնությունը շատ է»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։