Քաբուլում ահաբեկչության հետեւանքով տուժածների թիվը 100-ից անցել է

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» արմատական շարժումը:

Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյունի հետեւանքով մեկ մարդ է զոհվել, 105-ը տուժել: Երկրի առողջապահության նախարարությանը վկայակոչելով՝ այսպիսի տվյալներ է ներկայացրել 1TV հեռուստաալիքը:

Ավելի վաղ հայտնի էր մեկ զոհվածի եւ 93 տուժածի մասին: Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն՝ տուժածների թվում 26 երեխա եւ 5 կին կա:

TOLOnews հեռուստաալիքը նշում է, որ երկրի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նուսրաթա Ռահիմիի խոսքով՝ անվտանության ուժերին հաջողվել է վնասազերծել երկու հարձակվողներին: Բախումները շարունակվում են, հայտնում է հեռուստաալիքը:

Երկուշաբթի առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում, ոստիկանական 16-րդ շրջանում, որտեղ է գտնվում նաեւ երկրի Ազգային պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկը, պայթել էր ականապատված բեռնատարը: Պայթյունին հաջորդել էր հրաձգությունը:

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» արմատական շարժումը: