Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել մեջքի ցավը

Մեջքի ցավը շատ տհաճ, սակայն բավական տարածված խնդիր է
Մեջքի ցավ

Մեջքի ցավը շատ տհաճ, սակայն բավական տարածված խնդիր է, որին մարդիկ ոչ միշտ են պատշաճ ուշադրություն դարձնում, սակայն մասնագետները նշում են, որ այն կարող է նախազգուշացնել առողջական լուրջ խնդիրների մասին, որոնք չի կարելի անտեսել: Business Insider պարբերականը ներկայացրել է այն վտանգավոր հիվանդությունները, որոնք կարող են դրսևորվել մեջքի ցավերով:

Մասնագետների խոսքով՝ մեջքի մկանների ցավը կարող է անհանգստացնել մի քանի օր, սակայն եթե այն չի մեղմվում բավական երկար ժամանակ, ապա հարկավոր է դիմել մասնագետին: Նման դեպքերում չի բացառվում, որ ցավը պայմանավորված լինի միջողային սկավառակի ճողվածքով, ինչն ուղեկցվում է ոտքերի ցավով:

Մեջքի ցավի պատճառ կարող են դառնալ նաև սթրեսային կոտրվածքները, որոնք պայմանավորված են լինում գերծանրաբեռնվածության պատճառով առաջացող հաճախակի վնասվածքներով: Այս կոտրվածները չեն բուժվում մինչև այդ հատվածը չի կայունացվում, գրում է  tert.am:

Մեջքի ցավը կարող է պայմանավորված լինել նաև երիկամային վարակներով, որոնք սովորաբար դրսևորվում են գրիպին բնորոշ ախտանշաններով: Այս խնդրի դեպքում ցավն ի հայտ է գալիս կտրուկ կամ սաստկանում է աստիճանաբար: Այն սովորաբար նկատվում է մեջքի կողային հատվածներում ու կողատակերում:

Ստամոքսի այրոցը նույնպես կարող է դառնալ մեջքի ցավի պատճառ: Նման խնդիր է նկատվում, երբ ստամոքսի թթվային պարունակությունը հայտնվում է կերակրափողում ու գրգռում է լորձաթաղանթը: Մեջքի կամ ոտքերի թմրածության, ծակծկոցի ու այրող ցավի դեպքում չի բացառվում նաև միջողային սկավառակի վնասվածքը, որի հետևանքով սեղմվում է նստանյարդը:

Եթե մեջքի ցավն ի հայտ է գալիս միայն որոշակի դիրքերում, ապա այն կարող է պայմանավորված լինել մկանի գերծանրաբեռնվածությամբ, ինչպես նաև միջողային սկավառակի վնասվածքով կամ ճողվածքով: Չի կարելի անուշադրության մատնել ցավը, որը չի մեղմվում ավելի քան հինգ օր: Միևնույն ժամանակ հարկավոր է հաշվի առնել, որ այն կարող է պայմանավորված լինել նաև գերինտենսիվ մարզումներով:

Բացի այդ, հարկ է հիշել, որ մեջքի ցավը կարող է վկայել նաև սրտանոթային համակարգի խնդիրների մասին: Որոշ դեպքերում այս հիվանդությունները դրսևորվում են մեջքի վերին հատվածի կամ ձեռքի ցավով, ուստի հարկավոր է շատ զգոն լինել: