Զբոսաշրջիկները հիմա էլ թող Հայաստան գան, շատ մնան, նոր մեկնեն Վրաստան

Ներգնա և արտագնա տուրիզմի փորձագետ Մարինա Ավետիսյանը պնդում է՝ հայերը շարունակում են ակտիվորեն ամրագրել տոմսեր դեպի Վրաստան, նրանց չի խանգարում այնտեղ տիրող իրավիճակը
Անցած շաբաթ 500 հոգի մեկնել է Վրաստան

Ներգնա և արտագնա տուրիզմի փորձագետ Մարինա Ավետիսյանը պնդում է՝ հայերը շարունակում են ակտիվորեն ամրագրել տոմսեր դեպի Վրաստան, նրանց չի խանգարում այնտեղ տիրող իրավիճակը:

«Մեր զբոսաշրջիկները նախկինի պես մեկնում են Վրաստան, ոչ մի խնդիր չի առաջանում անցակետերում: Օրինակ՝ անցած շաբաթ մեր զբոսաշրջիկների քանակը գերազանցել է 500-ը, 70-80-ը եղել են ռուսական անձնագրերով, և ոչ մի խնդիր չի առաջացել: Եղել են մտահոգություններ, զանգեր, բայց մենք բացատրել ենք, որ չկա որևէ խնդիր, հատկապես՝ մեր հայրենակիցների համար»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մարինա Ավետիսյանը՝ հավելելով, որ ռուս զբոսաշրջիկների կողմից եղել են չեղարկումներ, բայց Վրաստանը լուրջ մարքետինգ է վարում այլ երկրներից դեպի իրենց երկիր զբոսաշրջիկների մուտքն ապահովելու համար: Չկա նաև գնանկում:

Ներգնա և արտագնա տուրիզմի փորձագետն ընդգծեց՝  իրականացվելու են Մոսկվա-Երևան և Երևանից դեպի Թբիլիսի թռիչքներ, և ներգնա տուրիզմով զբաղվող գործընկերներին հորդորեց օգտվել առիթից, քանի որ սա լավ նախապայման է՝ տնտեսությանն էապես օգնելու համար:

«Մենք շահող պետք է դուրս գանք այս իրավիճակից: Նախորդ տարիներին ռուս զբոսաշրջիկներն ավելի շատ նախընտրել են հանգստանալ Վրաստանում, միանգամից մեկնել են այնտեղ ու հնարավորության դեպքում նոր եկել են մի քանի օրով Հայաստան: Հիմա մենք կարող ենք խաչաձևել փաթեթները, զբոսաշրջիկները հիմա էլ թող Հայաստան գան, շատ մնան, նոր մեկնեն Վրաստան»,- նկատեց ներգնա և արտագնա տուրիզմի փորձագետը:

Մարինա Ավետիսյանի փոխանցմամբ՝ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի,  Վրաստանի հետ մեկտեղ, հայերը Եգիպտոսն են նախընտրում, ապա Իտալիան, Իսպանիան: