Ալկոհոլային խմիչքների շշերում վտանգավոր մետաղներ են գտել

Ամենից շատ վնասակար քիմիկատներ, պարզվել է, պարունակվել են էմալապատ ապակե շշերում. կադմիումի պարունակությունը նման շշերում կազմել է 20 000 մասնիկ մեկ միլիոնում, իսկ արճճինը՝ 80 000 մասնիկ

Գարեջրի, գինու եւ ալկոհոլային այլ խմիչքների շշերում առողջության համար վտանգավոր թունավոր նյութեր են պարունակվում, ինչպես պնդում են Փլիմուտի համալսարանի (Անգլիա) գիտնականները։

Ինչպես տեղեկացնում է Phys.org-ը, մասնագետներն ուսումնասիրել են ալկոհոլային խմիչքների 89 շշերի քիմիական բաղադրությունը, որոնք հավաքվել են առեւտրային կետերից 2017-ի օգոստոսից մինչեւ 2018-ի օգոստոսը։ 76 շշերում գիտնականները գտել են կադմիում՝ ցածր մակարդակով, իսկ 55-ում՝ արճիճ։ Քրոմ հայտնաբերվել է կանաչ գույնի բոլոր շշերում, ինչպես նաեւ դարչնագույն շշերի 40 տոկոսում։

Ամենից շատ վնասակար քիմիկատներ, պարզվել է, պարունակվել են էմալապատ ապակե շշերում. կադմիումի պարունակությունը նման շշերում կազմել է 20 000 մասնիկ մեկ միլիոնում, իսկ արճճինը՝ 80 000 մասնիկ։

Մասնագետները հիշեցնում են, որ մետաղները կարող են ապակուց տարածվել այլ իրերի եւ առարկաների վրա։ Ավելին, դրանք ի վիճակի են կուտակվել այնքան, որ կգերազանցեն ԱՄՆ նորմատիվներն ու վտանգավոր կհամարվեն։